Քաղաքացիական կեցվածքի բացակայությունն էլ է ընտրություն՝ պասիվ ու իր խեղճ գոյության հետ հաշտված քաղաքացու ընտրություն, որը կյանքից ոչ մի սպասելիք այլևս չունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ո՞վ կարող է գուշակել, թե ինչ է կատարվում շարքային հայի հոգում։ Ի՞նչ մտածումներ ու մտավախություններ ունի նա, ի՞նչ երազներ ու հույսեր։ Ինչպիսի՞ն է պատկերացնում իր երազանքների պետությունը և հասկանո՞ւմ է արդյոք, թե ինչպես կառուցել այդ պետությունը, որտեղ ապրելը լինի հարմարավետ, ապահով և հեռանկարային։ Որպեսզի ո՛չ ինքը, ո՛չ զավակները աչքները չհառեն դեպի ռուսաստանյան կամ ամերիկյան հեռուներ և այնտեղ չտեսնեն իրենց երեխաների ապագան։ Ու արտերկիր մեկնելը, օտար ափերին երկրորդ սորտի մարդու կարգավիճակով կյանքը մաշելը չդառնա իրենց խաչը։
Ո՞վ կարող է համոզված ասել, թե ինչ է զգում հայ մարդն այսօր և ինչպես է իրեն պահելու վաղը։ Հատկապես՝ հունիսի 20-ին, մտնելով քվեախցիկ և մենակ մնալով իր խղճի ու Աստծու առաջ։ Կրկին վախենալո՞ւ է, թե ինչ-որ մի անկյունից թաղի կրիմինալը կամ իշխանական «տասովշիկը» հետևում է, թե ինչպես է ինքը քվեարկում, ու «պահանջվող» մասում դնելու է իր «պտիչկա՞ն», թե՞ վերջապես գիտակցելու է, որ ոչ ոք այդ պահին իրեն չի տեսնում, և իր նշումով, հենց այդ պահին ինքն է իր զավակի ապագան կերտում։
Իսկ գուցե կրկին ձեռքի հեռախոսով թաքուն նկարելո՞ւ է, թե ում է քվեարկել, որ զեկուցի 10 հազար դրամով իր ձայնն առնող մեծահարուստին։ Բայց նաև հնարավոր է, որ նա իր վերաբերմունքը երկրի, իշխանությունների, ընտրությունների հանդեպ արտահայտի այնպես, ինչպես արտահայտել է տարիներ շարունակ՝ անտարբերությամբ, ընտրությունները բոյկոտելով, բոլորին մերժելով։ Ուղղակի իրեն նեղություն չտա՝ տնից դուրս գալու և ընտրատեղամաս գնալու, համարելով, որ քաղաքացիական կեցվածքի բացակայությունն էլ է ընտրություն՝ պասիվ ու իր խեղճ գոյության հետ հաշտված քաղաքացու ընտրություն, որը կյանքից ոչ մի սպասելիք այլևս չունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: