Պատգամավորը խմբագրում է Փաշինյանի խոսքը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ Արագածոտնում արած հայտարարությունը, թե «մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»։ Պատգամավորը որոշեց խմբագրել «շեֆի» խոսքը, թե ուզում էր ասել՝ մեր տղաները զոհվել են հանուն հայրենիքի։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Ալիևի անունը տալիս։ «Որովհետև իրենք միշտ ասել են, որ Արցախը պետք է իրենցը լինի, ամբողջությամբ պատկանի իրենց, բայց այսօր մենք ունենք որոշակի իրավիճակ, որ մի մասը հայկական է, ապրում են հայեր․․․ իմաստը դա է։ Ավելի ճիշտ՝ իմաստն այն էր, որ թշնամիներն իրենց նպատակին չեն հասել»։
Փաստորեն, այդքան տղաների զոհեցիք, որ Ալիևի մոտ «կո՞զր» ունենաք։ «Չենք զոհել, տղաները զոհվել են իրենց հայրենիքի համար, որ պահեն հայրենիքը, և այսօր ունենք հայրենիք»։ Իսկ ինչո՞ւ Փաշինյանը հենց այդպես էլ չասաց։ «Հենց դա է ասել։ Ես ասացի, չէ՞, Ալիևը մեսիջը տվել էր, որ Ղարաբաղն իրենցն է լինելու, հիմա մենք կարող ենք ասել, որ այդպես չէ, որովհետև մենք Արցախ ունենք»։ Իսկ հնարավոր չէ՞ր Ալիևին դա հասկացնել ոչ թե տղաների կյանքի գնով, այլ՝ բանակցություններով։ «Ինչ հնարավոր եղել է, արվել է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: