ԵՄ գագաթնաժողովում որոշվել է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ակտիվացնել քաղաքական և տնտեսական երկխոսությունը Թուրքիայի հետ՝ ի պատասխան Անկարայի գործողությունների՝ ուղղված Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացիային, սակայն նախազգուշացրել է նոր պատժամիջոցների հավանականության մասին, եթե իրավիճակը փոխվի:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ պետությունների կառավարությունների ղեկավարների՝ հինգշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ:
«Ողջունում ենք Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում ապաէսկալացիան, որը տեղի է ունեցել Կիպրոսի ափամերձ վիճահարույց տարածքներում Թուրքիայի անօրինական հորատման գործունեության դադարեցման, Հունաստանի հետ երկխոսության վերականգնման և ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք բանակցությունների շնորհիվ: Այդ դրական դինամիկան ամրապնդելու նպատակով ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ աստիճանական երկխոսություն սկսել՝ մի շարք ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: