Մտահոգված եմ, որ ԱՄՆ-ն մինչ օրս բավական ջանք չի գործադրել տեղահանված արցախցիներին սնունդ, ջուր և կացարան հատկացնելու գործում օգնելու համար. ամերիկացի սենատորը դիմել է USAID-ի ադմինիստրատորի թեկնածուին
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատորի թեկնածու Սամանթա Փաուերին հարց է ուղղել Արցախի տեղահանված բնակչության աջակցությանն ուղղված ԱՄՆ ջանքերի մասին:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ներկա գտնվելով Փաուերի թեկնածության հաստատման լսումներին՝ սենատորն ասել է. «Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի առաջ ծառացած մարտահրավերներին, որոնք ի հայտ են եկել աշնանը Թուրքիայի/Ադրբեջանի հարձակումներից հետո: Կարճ ժամկետներում ԱՄՆ ՄԶԳ-ն կարող է տեղահանված բնակիչներին օգնել սնունդ, ջուր և կացարան հատկացնելու գործում, բայց ես մտահոգված եմ առ այն, որ ԱՄՆ-ն բավական ջանքեր չի գործադրել մինչ օրս և ակնկալում եմ Ձեզանից լսել այդ մասին»:
Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները մինչև մարտի 25-ը հարցեր են ուղղելու Սամանթա Փաուերին ԱՄՆ ՄԶԳ-ի առաջնահերթությունների մասին: Հիմնվելով նրա պատասխանների վրա՝ հանձնաժողովը կքվեարկի նրա թեկնածության հաստատման շուրջ: