41,7 մլն դոլար․ Ժան Միշել Բասկիայի «Մարտիկ» կտավը դարձել է արևմտյան արվեստի՝ Ասիայում վաճառված ամենաթանկ նմուշը (լուսանկարներ)
Ամերիկացի նկարիչ Ժան Միշել Բասկիայի «Մարտիկ» (Warrior, 1982) կտավը Հոնկոնգում կայացած աճուրդում վաճառվել է 41,7 մլն դոլարով, հաղորդում է The Art Newspaper-ը։
Պարբերականը հայտնում է, որ կտավը ներկայում հանդիսանում է արևմտյան արվեստի՝ Ասիայում վաճառված ամենաթանկ նմուշը։
1982 թվականի կտավի վրա պատկերված է մարդամորֆ կերպար՝ սրով և գծանախշերով։ Հեղինակն այս կտավն արել է իր ստեղծագործական գործունեության վաղ շրջանում։ Աճուրդը կազմակերպել է Christie's աճուրդի տունը։
Ժան-Միշելը ծնվել է Բրուքլինում։ Նա Նյու Յորքում նախ հայտնի է դարձել իր գրաֆիտիների շնորհիվ, իսկ 1980-ական թվականներից դարձել է նոր էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկը։
Բասկիայի ստեղծագործական գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք շրջանի. վաղ շրջան՝ (1980-1982 թվականներ) այս ընթացքում նա հաճախ պատկերում էր կմախքներ, ինչով և արտահայտվում էր մահվան հանդեպ նրա արտասովոր հետաքրքրությունը։ Այլ առավել հաճախակի հանդիպող պատկերներ էին ավտոմեքենաները, շենքերը, ոստիկանությունը։ Միջին ժամանակահատվածը ( 1982-1985 թվականները) նշանավորվել է հայիթիական արմատների հանդեպ նրա ունեցած հետաքրքրվածությամբ։ Վերջին շրջանում (1986-1988 թվականներին` մինչև նրա մահը) նա ստեղծում էր բոլորովին այլ, գոյություն չունեցող կերպարներ։