Ծագումով թուրք ֆրանսիացի լրագրողը հայց է ներկայացրել ընդդեմ Էրդողանի կողմնակիցների
Լրագրող և Ֆրանսիայի երկրորդ սերնդի թուրք ներգաղթյալ Քլեյր Քոչը բողոք է ներկայացրել Թուրքիայի կառավարության կողմնակիցներից ստացած սպառնալիքների առթիվ, հայտնում է Ahvalnews-ը:
Քլեյր Քոչն ասել է, որ իրեն մեղադրում են Թուրքիային դավաճանելու համար՝ ի պատասխան իր գրքի, որում մանրամասն նկարագրվում է ֆրանսիական հասարակությանն իր ինտեգրումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ աջակիցներ գրքում տեղ գտած մտքերի համար անգամ փնտրում են նրա բնակության հասցեն։
Լրագրողը, որն աշխատում է Ֆրանսիայի պետական հեռարձակող France Télévvision-ում, նշել է, որ ֆրանսիական քաղաքացիություն ձեռք բերելու և թուրքական արմատներից հեռանալու ցանկության մասին իր գրքի հրապարակումից հետո բազմաթիվ վիրավորանքների և սպառնալիքների է բախվել՝ հատկապես սոցիալական ցանցերում։
Սոցցանցերի որոշ օգտատերեր նույնիսկ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» անդամակցության համար են մեղադրում լրագրողին։
Քոչի փաստաբան Մաթրե Ուիլիամ Գոլդնադելն ասել է, որ սպառնալիքները շատ «մտահոգիչ» են և ներառում են լրագրողի բնակության վայրը գտնելու փորձերը։ Լրագրողը աջակցություն է ստացել ֆրանսիացի քաղաքական գործիչների, այդ թվում ՝ սենատոր Վալերի Բուայեի կողմից, որն ասել է․ «Անտանելի է, որ նրան հետապնդում են, քանի որ նա չափազանց շատ է սիրում Ֆրանսիան։ Որքա՞ն են այս սպառնալիքները շարունակվելու»:
Էրդողանի կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայի և դրա կառավարության քննադատներին թիրախավորելու համար։ Գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությանը քննադատող ավելի քան 20 քաղաքացի սպառնալիքներ է ստացել 2021 թվականի առաջին 3 ամսվա ընթացքում։