«Ռուսատանը վտանգավոր հարևան է. պետք է զսպենք նրան». Ժոզեպ Բորել
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ռուսաստանի Դաշնությանն անվանել է «վտանգավոր հարևան», որի հետ միևնույն ժամանակ անհրաժեշտ է կապ պահպանել կարևոր թեմաների շուրջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵՄ բարձր ներկայացուցիչը չորեքշաբթի ժամանել է Բրյուսելում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի
(ՆԱՏՕ) կենտրոնակայան՝ մասնակցելու արտգործնախարարների մակարդակով անցկացվող դաշինքի խորհրդի նիստերի երկրորդ օրվան, որի ընթացքում քննարկվելու է դաշինքի հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Մենք պետք է քննարկենք Ռուսաստանի հետ կապուղիները: Ռուսաստանը հարևան է, վտանգավոր հարևան, բայց մենք պետք է նրանց հետ կիսենք որոշ հարցեր, որոնց շուրջ մենք ունենք ընդհանուր շահեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային գործարքը կամ կլիմայի փոփոխությունը: Միևնույն ժամանակ, մենք պետք է զսպենք ՌԴ-ին և հակադրվենք նրան»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ փետրվարին Ռուսաստան կատարած իր վերջին այցից ի վեր Բորելը սկսել է հանդես գալ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կիրառման օգտին: Մոսկվան այս որոշումն անվանել է «փակուղի և անօրինական ճանապարհ» և ավելացրել, որ սահմանափակումներն իրենց նպատակին չեն հասնում:
Անցյալ շաբաթ եվրոպական դիվանագիտության ղեկավար հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիության հետ առճակատման ուղի է սկսել: ՌԴ արտաքին գործերի նախարարությունն իր հերթին պատասխանել էր, որ պատժամիջոցները, որոնք Բրյուսելը օգտագործում է երկրի ներքին գործերին խառնվելու համար, կասկածի տակ են դնում ԵՄ-ի հետ ցանկացած հարաբերություններ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտել էր, որ Բրյուսելը ոչնչացրել է Եվրամիության հետ «հարաբերությունների ենթակառուցվածքը», բայց Մոսկվան պատրաստ է վերականգնել դրանք, եթե գործընկերները դա ևս ցանկանում են: