Լիլիթ Մակունցը դեպրեսիայի մեջ է․ ամեն փոքր բառից վիրավորվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կամ, ինչպես մենք էինք ժամանակին արձանագրել, «Ազգային ժողովի ամենահմայիչ տիկին Մակունցը», կարծես դեպրեսիայի մեջ է: Այդ մասին գրում է նաև մամուլը: Նա երեկ ցույց տվեց, որ այլևս ի վիճակի չէ հանդարտ տոնով, եթե չասենք՝ ադեկվատ, արձագանքել լրագրողների հարցերին: Նա մեր բոլոր հարցերի տակ ինչ-որ վիրավորանք և ոչ կոռեկտ ձևակերպում է տեսնում և, ի վերջո, հրաժարվեց պատասխանելուց:
Օրինակ, երբ նրան հիշեցրինք, որ մամուլում գրվում է, թե իրենց խմբակցության սորոսական համարվող հատվածն ու այդ ՀԿ-ները պնդում են, որ իշխանությունը պետք է անպայման Ընտրական օրենսգիրքը փոխի, նոր գնա ընտրության, Մակունցը որոշեց չընդունել «նման ձևակերպումները» իրենց խմբակցության որևէ հատվածի հասցեին և խնդրեց պիտակներ չփակցնել ու հրաժարվեց պատասխանել հարցին:
Հիշեցրինք, որ սա պիտակ չէ, «սորոսական» անվանում են նրանց, որոնք Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեն, բայց Մակունցն այլևս չցանկացավ լսել:
Այստեղ հարց է առաջանում՝ երբվանից է «սորոսական» անվանումը համարվում վիրավորանք, եթե «սորոսական»-ը վիրավորանք է, ապա նույնկերպ «իմքայլական»-ն էլ է վիրավորանք, ինչևէ դրանից էլ չեն վիրավորվում: Էլ չենք խոսում տարբեր այլ որակումների մասին՝ «քայլարած», «ուսապարկ» և այլն: Կամ, եթե «սորոսական»-ը վիրավորական է, ապա թող դա ամրագրեն, ասենք, Սահմանադրությամբ, որ մենք էլ իմանանք՝ իրենց խմբակցության մի հատվածին բնորոշելիս օգտագործել այդ ձևակերպումը որպես վիրավորանք, թե չօգտագործել: Մանավանդ՝ ինչ ուզում, իրենց 80 հոգով անցկացնում են խորհրդարանում՝ ամենավնասակար օրենքներից մինչև ամենաաբսուրդը: Բայց այսքանով Մակունցի «խռովությունը» չավարտվեց: Մենք նրան նաև ուղիղ հարց ուղղեցինք՝ Նիկոլ Փաշինյանն անփոխարինելի է: Նմանատիպ հարց ժամանակին ուղղում էինք նաև հանրապետականներին՝ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, և նրանք շատ քաղաքավարի, առանց վիրավորվելու հիմնավորում էին, թե ինչու է Սերժ Ազատիչն անփոխարինելի:
Մակունցին այս հարցն էլ դուր չեկավ, և չհասկացանք, թե ինչու: «Ես Ձեր հարցին չեմ պատասխանում»,- ասաց նա: Այլ հարցեր էլ հնչեցին նույն կոնտեքստում, օրինակ՝ լրագրողներից մեկը սրեց հարցադրումը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին շատ են վարկաբեկել, նա վարկաբեկված անձ է համարվում, ուստի ճի՞շտ է, արդյոք, նրա գլխավորությամբ ընտրությունների գնալը: Մեկ այլ լրագրող էլ շարունակեց՝ դուք հո անձ-կուսակցություն չեք: Այստեղ Մակունցը որոշեց վերջնականապես խռովել մեզնից. «Ես խնդրում եմ՝ վիրավորական մեկնաբանություններով հարցեր չուղղել, ես խնդրում եմ՝ կոռեկտության սահմաններում մնալ»: Դրանից հետո հայտարարեց, որ դադարեցնում է ճեպազրույցը, նեղացավ ու հեռացավ:
Ակնհայտ է, որ Մակունցը մտել է մի բեռի տակ, որից այլևս չի կարողանում դուրս գալ: Մամուլում գրվում է, որ նա ծանր է տանում այն, ինչ կատարվում է երկրում, թեև բավարար կամք ու համարձակություն չունի՝ այդ ամենի մասին հրապարակավ հայտարարելու: Ու այլևս չի կարողանում իշխանության հասցեին ուղղված քննադատությունները լսել: Նաև դա է պատճառը, որ խնդրել է իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ուղարկել, որ ազատվի լրագրողների հարցադրումներից էլ, դրանց արձագանքելու դարդից էլ: Ստացվում է՝ նախկիններին կարելի էր ամենասուր ու անգամ սադրիչ հարցերը տալ, իսկ իրենք, որ երկիրը բառի բուն իմաստով գլորում են անդունդը, պետք է միայն սիրաշահենք ու հաճելի հարցեր ուղղենք, որ նրանց նուրբ հոգին չընդվզի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: