«ՌԴ-ն և Չինաստանը մերժում են աշխարհաքաղաքական խաղերն ու միակողմանի անօրինական պատժամիջոցները». Լավրով
Ռուսաստանը և Չինաստանը մերժում են աշխարհաքաղաքական խաղերն ու միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք ավելի ու ավելի շատ են օգտագործում արևմտյան երկրները:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նշել, որ Ռուսաստանը հարաբերություններ չունի ԵՄ-ի հետ որպես կազմակերպություն, քանի որ ոչնչացվել է այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը, գրում է «Կոմերսանտ»-ը:
«Մենք մերժում ենք զրոյական արժեքներով աշխարհաքաղաքական խաղերը և մերժում ենք միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնց ավելի շատ են դիմում մեր արևմտյան գործընկերները»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ ասուլիսում:
Նա նշել է, որ Մոսկվան ու Պեկինը կանեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն իրենց ֆինանսական և առևտրային հարաբերությունները այլ երկրների պատժամիջոցների սպառնալիքից:
«Եվրամիության, որպես կազմակերպության, հետ հարաբերություններ մենք չունենք: Այս հարաբերությունների ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով», - ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան դիվանագիտությունը փոխարինում են «բոլորին սեփական կանոնները պարտադրելու քայլերով»:
Հիշեցնենք՝ վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են այսպես կոչված «Նավալնիի գործի» պատճառով: ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել: ՌԴ արտգործնախարարությունը դրանք անվանել է «փակուղի տանող և անօրինական ճանապարհ» և խոստացել պատասխանել: