Թուրքիայում քուրդ ընդդիմադիր գործիչն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է ավելի քան 3 տարվա ազատազրկման
Թուրքական դատարանը երկրի նախագահին վիրավորելու համար քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Դատավճիռը բխում է 2015 թվականին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում քուրդ քաղաքական գործչի կողմից արված հայտարարությունից, որը, ըստ դատավարության, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և այն ժամանակ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
Դատախազը պահանջել է Դեմիրթաշին դատապարտել 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման՝ «նախագահին վիրավորելու համար»:
Սելահաթթին Դեմիրթաշը Բաքըրքյոյի 46-րդ ընդհանուր իրավասության դատարանում անցկացվող նիստին մասնակցել է առցանց, դահլիճում ներկա էին նաև նրա փաստաբանները: Նշելով, որ ինքը երկու անգամ նախագահի թեկնածու է եղել, և որ տարիներ շարունակ զբաղվել է քաղաքականությամբ, ամբաստանյալ Դեմիրթաշն ասել է. «Ես քննադատել եմ կառավարությանը և ուղղակիորեն թիրախ չեմ վերցրել նախագահին և վարչապետին»:
Ընդմիջումից հետո դատարանը հայտնել է որոշումը` Դեմիրթաշին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Դեմիրթաշը ձերբակալվել է 2016-ի նոյեմբերին ՝ կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի և մի քանի պատգամավորների հետ: