Ես իմ մեջ մտածում եմ, որ Տոկիոյում ևս իմ աստղը կփայլի․ Արսեն Հարությունյան
Եվրոպայի նախկին չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը, ամփոփելով Բուդապեշտում իր ելույթներն, ասաց.
«Շատ հետաքրքիր գոտեմարտեր անցկացրեցի: Սպասում էի, որ պիտի հաղթեմ: Անցել էի շատ երկար ճանապարհ: Մարզիչներն ու հոգեբանները մեզ հետ շատ լավ աշխատանք էին տարել ու հաղթանակն օրինաչափ էր: Սա ուղղակի քայլ էր դեպի Օլիմպիական խաղեր, մենք այդ քայլն արեցինք ու կփորձենք այնտեղ էլ լավ հանդես գալ:»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Արսենին հետևյալ կերպ բնութագրեց.
«Արսենը շատ էմոցիոնալ, էներգիայով լի տղա է, հաղթանակի ծարավ ըմբիշ է: Արսենի մոտ հաղթանակի ձգտումը ավելի արտահայտիչ է ու հենց այդ ձգտումն է, որ նրան հաջողություն է բերում:
Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանն ավելացրեց, որ Արսենն ամեն ինչ անում է հաղթանակի հասնելու համար, չի վախենում ոչ մի դժվարությունից:
Մրցավայր մեկնելուց առաջ Արսենը միտք էր հնչեցրել, որ կհաղթի նա, ում աստղը երկնքում այդ օրը կփայլի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ է անելու, որ Օլիմպիական խաղերին էլ «փայլի իր աստղը».
«Եթե ես իմ մեջ հաղթանակում վստահ եմ, հավատում եմ, որ կարող եմ, նայում եմ, թե ինչ ճանապարհ եմ անցել ու ինչպես եմ մարզվում, ապա վստահ եմ, որ այդ օրը ևս իմ աստղը «կփայլի»»:
Հարցին, թե մինչ Տոկիո-2020-ն ինչ կցանկանար Ոսկե Ձկնիկից, Արսենը պատասխանեց.
«Ես ոսկե Ձկնիկից խնդրեի, որ ով ուղեգիր չի նվաճել, թող նվաճի, իսկ ով նվաճել է, թող ոսկե մեդալով վերադառնա»:
Նույն հարցին Վազգենը պարզապես ավելացրեց, որ ամեն ինչ ասաց Արսենը, ուզելու ոչինչ չմնաց:
Աղբյուր՝ ArmSport.am