Սպիտակ տան աղբյուրները հայտնել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:
«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը ոգեկոչել է 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր մահացել էին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Նա այն ժամանակ ասել էր, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք այս սարսափելի փաստի առթիվ: Եվ մենք մշտապես հարգելու ենք այս մեծ ողբերգությունից հետո հայ ժողովրդի ցուցաբերած տոկունությունը: Այս վարչակազմը հանձնառու է առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, վստահեցնելու, որ նման կոտորածներ այլևս չեն կրկնվի: Այս ամենի կարևոր բաղադրիչն է պատմության ճանաչումը»,- նշել է խոսնակը՝ Kathimerini-ի խնդրանքով արձագանքելով ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից նախաձեռնված նամակին, որը ստորագրել էին 36 այլ դեմոկրատ և հանրապետական սենատորներ:
Մենենդեսը նամակում Բայդենին հիշեցրել էր, որ նախկինում, այդ թվում և 2020 թվականին նախընտրական քարոզարշավի շրջանակում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Մենք հորդորում ենք՝ նույնն անել արդեն նախագահի պաշտոնում՝ հստակեցնելով, որ ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այս սարսափելի ճշմարտությունը»,- ասվում է նամակում: Սենատորը հիշեցրել էր, որ 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը, իսկ 2020 թվականի ապրիլին նաև Ներկայացուցիչների պալատն ընդունել էին համապատասխան բանաձևեր, որով 1915 թվականի կատարվածը ճանաչում էին որպես Հայոց ցեղասպանություն: Նա ընդգծել է, որ ժամանակն է՝ գործադիր մարմինը ևս ճանաչի պատմական իրողությունը:
Սպիտակ տան խոսնակի մեկնաբանությունից հետո քաղաքագետ, քաղաքական խորհրդատվություն տրամադրող առաջատար Eurasia Group-ի և համաշխարհային հարաբերությունների լուսաբանումն իրականացնող GZERO Media-ի նախագահ Յան Բրեմերը հայտարարել է, որ Սպիտակ տան իր աղբյուրը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը պատրաստվում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչել որպես Ցեղասպանություն:
GZERO Media-ում հրապարակած բացառիկ տեսանյութում Բրեմերը, անդրադառնալով Սպիտակ տան խոսնակի հայտարարությանը, պատմել է. «(Սպիտակ տան) խորհրդականներից մեկը, իմ հարցին, թե արդյոք հաստատում է, որ Ցեղասպանության ճանաչում տեղի կունենա, ասաց ինձ, որ դա այն է, ինչ նա (խմբ.- Ջո Բայդենը) խոստացել է որպես թեկնածու, և այդ քաղաքականությունն առաջ է գնում: Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյա, անդրադառնալով ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հիշատակի օրն արվելիք հայտարարությանը, ինձ ասաց, որ Բայդենը խոսքի մարդ է: Ուստի այս պահին ակնհայտ է, որ նա լինելու է առաջին ԱՄՆ նախագահը, որը կանի դա»:
Յան Բրեմերը նշել է, որ, անկասկած, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սա պարզապես կատաղեցնելու է: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց այն էլ վերջին շրջանում լավ վիճակում չեն, մասնավորապես Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակահրթիռային համակարգեր գնելու պատճառով:
«Անկասկած, Ցեղասպանության ճանաչումը շատ ավելի է բարդացնելու վերականգնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Անկարան իրենց ավելի մեկուսացված է զգալու, բացի այդ, նրանք հիմա հսկայական տնտեսական ճնշման տակ են»,- նշել է նա: