«Եվրամիության հետ հարաբերություններ գոյություն չունեն». Լավրովը մեղադրել է Բրյուսելին
Մոսկվան Եվրամիության հետ՝ որպես կազմակերպություն, չունի ոչ մի հարաբերություն. դրանք ոչնչացվել են Բրյուսելի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցություններից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եթե Եվրոպան խզել է այդ հարաբերությունները` պարզապես ոչնչացնելով երկար տարիներ ստեղծված բոլոր մեխանիզմները, և մենք որպես գործընկերներ ունենք միայն եվրոպական առանձին երկրներ, որոնք ցանկանում են առաջնորդվել իրենց ազգային շահերով, հավանաբար օբյեկտիվորեն դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից: Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Եվրամիության, որպես կազմակերպության հետ, հարաբերություններ գոյություն չունեն: Այս հարաբերությունների ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով»,- նշել է Լավրովը:
Նախարարը ընդգծել է, որ «եթե ինչ-որ ժամանակ Եվրամիությունն իր կողմից նպատակահարմար համարի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում», Մոսկվան պատրաստ կլինի հարաբերությունները հարթել հավասարության հիման վրա ՝ ձգտելով շահերի հավասարակշռության որոնման:
«Բայց մենք դեռևս փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որը տարեցտարի հարստանում է»,-եզրափակել է Լավրովը:
Վերջերս Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են այսպես կոչված «Նավալնիի գործի» պատճառով: ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել: ՌԴ արտգործնախարարությունը դրանք անվանել է «փակուղի տանող և անօրինական ճանապարհ» և խոստացել պատասխանել: