Բայդենը խոստովանել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսն իրենից խելացի է
ԱՄՆ Ատլանտա քաղաքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցների առջև ելույթի ժամանակ երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսն իրենից խելացի է։ Նրա ելույթը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության էջում։
«Ես այստեղ եմ ձեզ շնորհակալություն հայտնելու։ Դուք ոչ միայն կյանքեր եք փրկում, այլև փոխում եք մեր երկրի ոգին»,- առողջապահության աշխատակիցներին դիմել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենի խոսքով՝ «ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը ցանկացած մարտահրավերի և ճգնաժամի առերեսվելուց հետո ավելի ուժեղ է դառնում»։
Իր ելույթի վերջում Բայդենը երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին խոսքը փոխանցելիս հայտարարել է, որ «վերջինս իրենից խելացի է»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ Հարիսին սխալմամբ անվանել էր «մեր նախագահը»։
Ընդ որում, դա առաջին դեպքը չէր․ դեկտեմբերի վերջին Բայդենն իր վարչակազմում ապագա փոխնախագահին անվանել էր «Սպիտակ տան նորընտիր ղեկավար»։