ԱՄՆ-ն ներգաղթյալներին հյուրանոցներում տեղավորելու համար 86 մլն դոլար է հատկացրել․ Axios
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հյուրանոցներում 1200 ներգաղթյալ ընտանիք տեղավորելու համար 86 մլն դոլար Է հատկացրել, գրում է Axios-ը։
Ինչպես նշում է պորտալը, գումարը նախատեսված է ամերիկա-մեքսիկական սահմանը հատած ներգաղթյալների համար։ Ծրագիրը կիրականացնի Endeavors ոչ առևտրային կազմակերպությունը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ հյուրանոցները գտնվում են Արիզոնայի և Տեխասի սահմանամերձ շրջաններում:
Ինչպես պնդում է Axios-ը, ծրագիրը չի կարող լուծել բոլոր ներգաղթյալների խնդիրները, որոնց թիվը գնալով մեծանում է։
Հարկ է նշել, որ ԱՄՆ իշխանությունները 2020-ին հյուրանոցներում էին տեղավորել նաև այն անչափահաս ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ-ի սահմանն ապօրինի հատել էին առանց իրենց ծնողների։
Օրերս Բայդենը ներգաղթյալներին կոչ էր արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայի տարածքից:
Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ անօրինական ներգաղթյալների թվի աճը, մասնավորապես, նկատվել է 2019 և 2020 թվականներին: Բայդենը չէր համաձայնել այն պնդումների հետ, թե տեղի ունեցածն անօրինական ներգաղթյալների հանդեպ իր «չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է»:
ԱՄՆ նախագահն իրենց երկրները լքել և ապօրինաբար ԱՄՆ-ի սահմանը հատել պատրաստվող ներգաղթյալներին կոչ էր արել «մնալ իրենց երկրներում»։
Այս շաբաթ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի վերջին երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնական Ամերիկայի պետություններից ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալների ժամանմանը։