Թրամփը 2-3 ամիս անց վիրտուալ տիրույթ կվերադառնա սեփական սոցիալական հարթակի միջոցով. CNN
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկու-երեք ամիս հետո կվերադառնա սոցիալական ցանցեր իր սեփական հարթակի միջոցով:
Այս մասին հայտարարել է պաշտոնյայի խորհրդական Ջեյսոն Միլլերը, գրում է CNN-ը:
«Մենք ականատես կլինենք Թրամփի վերադարձին սոցիալական ցանցեր սեփական հարթակի միջոցով, հավանաբար, երկու-երեք ամիս անց», - հայտարարել է նա:
Բացի այդ, Միլլերը հավելել է, որ նոր հարթակը մեծ ժողովրդականություն ձեռք կբերի, քանի որ Ամերիկայի նախկին ղեկավարը կկարողանա այնտեղ ներգրավել տասնյակ միլիոնավոր օգտատերերի, որոնք ցանկություն ունեն հետևել իր գործունեությանը:
Ինչպես նշել է խորհրդականը, Թրամփը Մար ա Լագո կալվածքում մի շարք «կարևոր հանդիպումներ» է անցկացրել «բազմաթիվ ընկերությունների» հետ, որոնք առաջարկներով դիմել են նախկին նախագահին:
Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին հայտնի էր դարձել, որ Twitter սոցիալական ցանցը չի վերականգնի իր ծառայության հասանելիությունը Թրամփին, նույնիսկ եթե նա կրկին ստանձնի պետական պաշտոններ:
Նշենք՝ հունվարի 8-ից Թրամփի թվիթերյան օգտահաշիվն արգելափակված է: Ըստ սոցցանցի՝ այս որոշման պատճառը բռնության դրդման ռիսկն էր՝ նախկին պաշտոնյայի կողմնակիցների՝ Կապիտոլիումի վրա գրոհից հետո, որը տեղի էր ունեցել հունվարի 6-ին: Բացի այդ, Twitter-ի ղեկավարությունը խոստացել էր արգելափակել սոցիալական ցանցի ցանկացած էջ, որը Թրամփը կօգտագործի իր կողմնակիցների հետ հաղորդակցվելու համար:
Թրամփի օգտահաշիվներն արգելափակված են նաև Facebook, Instagram, Snapchat և Twitch սոցիալական ցանցերում: