Թուրքիայում ձերբակալել են HDP քրդամետ կուսակցության անդամին, որին զրկել են պատգամավորի կարգավիճակից
Թուրքիայում ոստիկանությունը կիրակի ձերբակալել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նրան ձերբակալել են կուսակցության կենտրոնակայանում, որտեղ նա 4 օր է անցկացրել՝ ի նշան բողոքի իրեն պատգամավորական լիազորությունների զրկելու դեմ բողոքի: Կուսակցությունից հայտնել են, որ ձերբակալման պահին քաղաքական գործիչը գիշերազգեստով և հողաթափերով է եղել և պատրաստվում էր առավոտյան աղոթքին:
Խորհրդարանն ավելի վաղ Գերգերլիողլուին զրկել էր պատգամավորական կարգավիճակից և դրանով պայմանավորված անձեռնմխելիությունից՝ ահաբեկչական քարոզարշավ իրականացնելու մեղադրանքով:
Երկրի դատախազությունն օրեր առաջ մեղադրանք էր առաջադրել կուսակցության դեմ քուրդ գրոհայինների հետ ենթադրյալ կապ ունենալու համար և դիմել էր Սահմանադրական դատարան՝ կուսակցության գորունեությունը կասեցնելու խնդրանքով:
Միացյալ Նահանագները նախազգուշացրել է թուրքական իշխանություններին, որ քրդամետ կուսակցության փակումը նոր հարված կլինի Թուրքիայում ժողովրդավարության նկատմամբ: ԱՄՆ Պետքարտուղարությունից նշել են, որ Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է թուրքական խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին: