Արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին հետեւելու համար մասնավոր դետեկտիվ են վարձել
Ամերիկյան մասնավոր դետեկտիվը երկար ժամանակ հետեւել է Մեգան Մարքլին, որպեսզի հնարավորինս շատ տեղեկություններ հայտնի նրա եւ նրա ընտանիքի բոլոր անդամների մասին, հաղորդում է Woman.ru-ն՝ վկայակոչելով Byline Investigates քրաուդֆանդինգային գործակալության զեկույցը, որի նպատակն է բացահայտել ԶԼՄ-ների անօրինական գործողությունները:
Պարբերականի տվյալներով՝ խուզարկուին վարձել է բրիտանական The Sun պարբերականը։ Դենիել «Դաննո» Պորտլի-Հենքսն իր աշխատանքը սկսել է դեռեւս 2016 թվականին՝ արքայազն Հարիի հետ Մեգան Մարքլի ժամադրության մասին լուրից անմիջապես հետո: Թերթը պահանջում էր, որ նա ձեռք բերի որքան հնարավոր է շատ անհայտ փաստեր ծնողների, ընտանիքի անդամների, գործարար գործընկերների եւ նույնիսկ Մեգանի նախկին ամուսնու մասին: Այս ամբողջ տեղեկատվությունը անհրաժեշտ էր բացառիկ սկանդալային հոդվածներ գրելու համար:
Մի քանի տարվա ընթացքում Հենքսը կարողացել է ձեռք բերել յուրահատուկ նյութի 90 էջ։ Թերթի տրամադրության տակ են հայտնվել Մեգան Մարքլի մտերիմների տան հասցեները, բջջային հեռախոսահամարները, համարանիշները եւ նույնիսկ սոցիալական ապահովության համարներ։ Ի դեպ, բրիտանական օրենքներով (նաեւ ԱՄՆ օրենքներով) սոցիալական ապահովագրության համարների բացահայտումը համարվում է հանցագործություն։
Հարկ է նշել, որ ոչ մի «մութ անկյուն» Մեգանի անցյալում դետեկտիվն այդպես էլ չի հայտնաբերել եւ արդեն հրապարակավ ներողություն է խնդրել թագավորական զույգից:
«Ես երբեք չեմ ցանկացել Մեգան Մարքլին վնաս պատճառել եւ չէի անի։ Ես չէի կատարի իմ աշխատանքը, եթե իմանայի, որ դա կհանգեցնի բոլոր խնդիրներին, որոնք տեղի են ունենում հիմա: Ես նաեւ ուզում եմ օգտվել հնարավորությունից եւ ներողություն խնդրել թագուհուց, քանի որ հասկանում եմ, որ այն, ինչ ես արեցի The Sun-ի համար, ազդել է ամբողջ ընտանիքի վրա», - ասել է Հենքսը:
Այն մասին, որ The Sun-ն ապօրինաբար օգտվել է Մեգանի անձնական տվյալներից, Սասսեքս դուքսերը գիտեին, սակայն իրենց հայտարարությունն արել են միայն այժմ՝ պաշտոնական ներկայացուցչի միջոցով
«Հետաքննության այս զեկույցը ցույց է տալիս, որ նախորդ օրերի «գիշատիչ» պրակտիկան դեռեւս շարունակվում է՝ անդառնալի վնաս հասցնելով ընտանիքներին եւ հարաբերություններին: Նրանք շնորհակալ են լրատվամիջոցների աշխատակիցներին, որոնք պաշտպանում են լրագրության իրական արժեքները, որոնք հիմա ավելի շատ են անհրաժեշտ, քան երբեւէ»,-թվիթերյան իր էջում գրել է Օմիդ Սքոբին։