Սլավիկ Գալստյանը չկարողացավ նվաճել օլիմպիական ուղեգիր
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պարտություն կրեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում և չկարողացավ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Գալստյանը եզրափակիչի ուղեգիրը վիճարկեց վրացի Ռամազ Սոիձեի հետ և առաջին մրցափուլում պարտվեց 1:10 հաշվով: Մարտի 21-ին հայ ըմբիշը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
2019թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:6 հաշվով հաղթել էր բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկին: 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մամադասա Սիլայից՝ 10:1, իսկ քառորդ եզրափակիչում դարձյալ ժամանակից շուտ 14:6 հաշվով պարտության էր մատնել ադրբեջանցի Իսլամբեկ Դադովին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մարտի 20-ին հանդես էին եկել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել էին քառորդ եզրափակիչում:
Բուդապեշտի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 4 ըմբիշով և նվաճեց 2 ոսկե մեդալ: 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) և Եվրոպայի 2019թ. չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել էին ոսկե մեդալակիր և նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) հաջողության չէին հասել:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):