Աշխարհում չկա երկրորդ այլ պետություն, որ այնքան հետաքրքրված լինի ԼՂ-ում և ՀՀ-ում խաղաղությամբ, որքան ՌԴ-ն է. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անտոն Մորոզովի խոսքով՝ Ռուսաստանի համար հայ ժողովուրդը բարեկամ է. այդ իսկ պատճառով, անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը, իրենք շարունակելու են աջակցել, գնահատել և սիրել հայ ժողովրդին:
«Անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի ղեկավարի նկատմամբ վստահության չափը ինչքան է՝ մի քիչ շատ, մի քիչ պակաս, կամ ընդհանրապես չկա, մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի հետ կապված ենք բարեկամական կապերով, և նաև՝ շատ հայեր այսօր ապրում են Ռուսաստանում: Մենք Հայաստանին երբեք մենակ չենք թողնի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անտոն Մորոզովը նշեց, որ հիմա էլ ինքը կարծում է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: «Այն հնացած հիմնախնդիր է, առաջացել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում: Այն ժամանակ մենք՝ երեք երկներս, ապրել ենք միևնույն միությունում, չի եղել ոչ մի սուր անհամաձայնություն, չեն եղել վիճելի տարածքներ: Հիմա է, որ Արևմուտքից սադրիչ մարդիկ մարդկանց, հասարակություններին մղում են պատերազմի, ստեղծում են տպավորություն, որ հիմնախնդիրը կարելի է պատերազմով լուծել, կողմերը կարող են պատերազմել և այլն: Բայց մենք հասկանում ենք, որ դա բերում է զոհերի: Հիմնախնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական, դիվանագիտական ճանապարհով»,- ասաց նա:
Ռուսաստանին, ըստ Պետդումայի պատգամավորի, պետք է իր սահմաններում կայունություն և որ չզոհվեն իրենց եղբայրները՝ հայերը: «Աշխարհում չկա երկրորդ այլ պետություն, որ այնքան հետաքրքրված լինի Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում խաղաղությամբ, որքան Ռուսաստանն է»,- ասաց նա:
Բախումներ, ըստ Անտոն Մորոզովի կարծիքի, այլևս հակամարտության գոտում չեն լինի. ռուս խաղաղապահները կվերահսկեն իրավիճակը: «Կզարգացնենք տնտեսական, մշակութային հարաբերությունները, բոլոր հակասությունները կհասցնենք նվազագույնի, որպեսզի այս տարածաշրջանի հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրեն»,- ասաց նա՝ նշելով, որ ենթադրում է, որ ռուս խաղաղապահ զորամիավորումները դեռ երկար կմնան, այնքան մինչև վերացնեն պատերազմի վերսկսման բոլոր նախադրյալները:
Ռուսաստանը, ըստ նրա, կշարունակի իր՝ ակտիվ միջնորդի դերը խաղալ նաև բանակցային սեղանին: «Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններն էլ կբացառեն պատերազմը»,-ասաց նա: