Ինչո՞ւ են սասանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը, և ո՞ւր գնացին նվիրաբերված գումարները. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջերս հայտնի դարձավ, որ պատերազմի ծանր օրերին աշխարհասփյուռ հայության կողմից հանգանակված և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ, որը կազմում է 107 միլիոն դոլար, չի ծառայել իր նպատակին։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80 %-ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ և հանրությունից գաղտնի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե։
Միայն բարձրացված մեծ աղմուկից հետո կառավարությունը ստիպված եղավ հաստատել, որ 52 մլրդ դրամ գումար փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության տնօրինության տակ։ Փաստացի խոսքը հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին է: Իսկ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հենց հիմնադրամի կանոնադրության համապատասխան կարող են կատարվել վճարումներ և մատուցվել ծառայություններ: Իսկ այն փաստը, որ հիմնադրամի հաշվեկշռում եղած գումարը նվիրաբերվել է կառավարությանը, այդ արդեն իսկ հիմնադրամի կանոնադրության խախտում է։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը համահայկական հիմնադրամի հիմնադիր է, իսկ կանոնադրության համաձայն, հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի։
Սա բավական չէ, մյուս կողմից էլ անհայտ է մնում, թե կոնկրետ ինչ թիրախային ուղղություններով է ծախսվել այդ գումարը, արդյոք չի վատնվել, կամ ինչքանով են արդյունավետ եղել ծախսերը, քանի որ քաղաքացիների, սփյուռքի ներկայացուցիչների և հանգանակություն կատարած անձանց համար արված ծախսերը թափանցիկ չեն, և որևէ հիմնավորում չկա այն առումով, թե որն էր այդպիսի քայլի անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից գործնականում չկա մանրակրկիտ փաստաթղթավորված հաշվետվություն, ինչը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, իսկ կասկածները ոչ միայն չեն փարատվում, այլև ավելի են խորանում։ Իսկ դրա համար հիմքեր է ստեղծում նաև այն հանգամանքը, որ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների տեղյակ չի պահվել այս ամբողջի մասին։ Պատահական չէ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի մասնակցել որևէ միջոցառման, ծանոթ չի եղել հիմնադրամի կողմից ընդունված որևէ որոշման, չնայած նրան, որ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Իսկ վերջերս էլ տեղի ունեցած հոգաբարձուների առցանց խորհրդի նիստից հետո, որտեղ Քոչարյանը մասնակցում էր, երկրորդ նախագահը հաղորդագրություն էր տարածել, որ հիմնադրամի ծախսված միջոցների հետ կապված ակնհայտ հաշվետվողականության լուրջ խնդիր կա։ Ըստ երկրորդ նախագահի, առկա իրավիճակից ելք կարող է լինել այն տարբերակը, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամը ձևակերպվի որպես ՀՀ կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ Ուշագրավ է, որ Արցախի նախկին նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արկադի Ղուկասյանը ևս միացավ այս տեսակետին։ Հատկանշական է, որ հիմնադրամի գումարները պետբյուջե փոխանցելու մասին հանրային իրարանցումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ով ի պաշտոնե հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հայտարարություն անել, թե ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել։
Ընդ որում, Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերն ուղղակի կառավարությանը փոխանցելու տարբերակին, ինքն առաջարկել է այն ձևակերպել որպես փոխառություն, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել: Ինչևէ, եթե հոգաբարձուների խորհրդի նախագահը համաձայն չէր, որ գումարը փոխանցվի բյուջե, ապա կարող էր դրա մասին բարձրաձայնել, այդ թվում՝ նաև հանրային մակարդակով, ու պարզաբանում ներկայացնել, որ այդպիսի քայլի արդյունքում հիմնադրամի նկատմամբ վստահության դեֆիցիտ է առաջանալու։ Չէ՞ որ հարցն ինչ-որ երկրորդական հիմնադրամի մասին չէ, այլ համահայկական կառույցի։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրեր է կյանքի կոչում և աշխարհասփյուռ հայության ջանքերը համախմբող նշանակություն ունի, ինչի դերակատարությունն առավել քան կարևոր է հատկապես հայության համար այս ծանր փուլում։ Պետք է հաշվի առնել, որ հիմնադրամի գումարների ծախսման հետ կապված անվստահության առաջացումը հեշտ չի լինելու փարատել։ Որպեսզի հիմնադրամը լինի կասկածներից ու շահարկումներից վեր կառույց, ապա դրա ուղղությամբ կոնկրետ գործուն քայլեր են անհրաժեշտ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: