Սուրբ Զատկի 17 ուշագրավ ավանդույթ, որ տարածված է աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)
Ամերիկյան Womansday ամսագրում հրապարակվել է հոդված, որում հեղինակներ Քրիսթի Փինան ու Ալեքսիս Հոբսն անդրադարձել են աշխարհի տարբեր վայրերում գոյություն ունեցող զատկական ուշագրավ սովորույթներին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը․
Զատիկի ձվեր ներկելը կամ զարդարելը, կոնֆետներ հավաքելը սովորական բաներ են Միացյալ Նահանգներում, սակայն աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեն հետաքրքիր բազմաթիվ սովորություններ, որոնք կարող են զարմանալի լինել։
Անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում եք ապրում, Զատկի յուրաքանչյուր ավանդույթ իր ծագումն ունի։ ԱՄՆ–ում Զատկի տոնական ավանդույթները սկիզբ են առել այն ժամանակ, երբ Փենսիլվանիայում բնակություն հաստատած գերմանացի փախստականներն իրենց հետ Միացյալ Նահանգներ են բերել Osterhase անունով նապաստակի մասին պատմություններ։ Սովորության համաձայն երեխաները բներ են պատրաստում այնտեղ, որտեղ նապաստակը գունագեղ ձվեր է դնում։ Այդ սովորությունն ավելի ուշ տարածվել է նաև Միացյալ Նահանգներում։
Քրիստոնեության մեջ ձվերը խորհրդանշում են Հիսուսի հարությունը, և դրանք զարդարվում են Մեծ պահքի ավարտին:
Բերմուդա, Մեծ Բրիտանիա
Բրիտանական գեղեցիկ կղզում Զատկի տոնակատարությունները սկսվում են ուրբաթ օը՝ Ավագ ուրբաթ օրվա KiteFest-ով, որը վայելում են ինչպես տեղացիները, այնպես էլ այցելուները: Մարդիկանց մեծ մասն այս օրը տանը պատրաստված օդապարիկներ է թռցնում: Ողջ հանգստյան օրերին մարդիկ ուտում են ձողաձուկ և ավանդական տաք թխուկ (cross buns): Զատկի կիրակի օրը, Բերմուդյան կղզիների բնակիչները մասնակցում են արևածագի արարողություններին, որոնք անցկացվում են կղզու տարբեր կողմերում:
Անտիգուա կղզիներ, Գվատեմալա
Ըստ Condé Nast Traveller-ի, Գվատեմալայի հարավային Անտիգուա կղզիներում ամբողջ Ավագ շաբաթվա ընթացքում փողոցները ծածկում են գունավոր գորգերով` նախապատրաստվելով Ավագ Ուրբաթ կայանալիք երթին: Երկար գորգերը պատրաստվում են ծաղիկներից, գունավոր թեփից, մրգերից, բանջարեղենից և ավազից: Դրանք հաճախ պատկերում են տեսարաններ, որոնք կարևոր են դրանք ստեղծող արվեստագետների համար՝ սկսած կրոնական թեմաներից, մայաների ավանդույթներից մինչև բնություն և Գվատեմալայի պատմություն:
Սան Պեդրո Քուտուդ, Ֆիլիպիններ
Ֆիլիպինների բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է և տեղի բնակիչները շատ լուրջ են վերաբերվում Զատիկին: Ըստ DW Akademie լրատվական կայքի՝ ամեն տարվա Ավագ ուրբաթ օրը, Ֆիլիպինների հյուսիսում մի քանի մարդ է խաչվում՝ հարգելու Հիսուսի խաչելությունը: Չնայած այս սովորությունը զայրացնում է կաթոլիկ եկեղեցուն, դա տարեկան ավանդույթ է, որը հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունն է հրավիրում:
Մեքսիկա
Մեքսիկայի տարբեր մասերում Զատկի տոնակատարությունները տարբեր ժամանակահատվածներում են տեղի ունենում՝ տատանվելով երկու շաբաթվա տիրույթում՝ Զատկին նախորդող և հաջորդող շաբաթների ընթացքում։ Մեքսիկական մի ավանդույթի համաձայն՝ այրում են «Հուդազային», որի ընթացքում մարդիկ պատրաստում են հսկայական թղթե հուդաներ և պայթեցնում դրանք հրավառությամբ: Այլ սովորույթների շարքին են դասվում քաղաքում լուռ երթ անցկացնելը կամ 12 օրվա ընթացքում 12 եկեղեցի այցելելը:
Ավստրալիա
Ավստալիայում 1991 թվականին սկսվել է «Նապաստակներից ազատ Ավստրալիա» արշավը, որի նախաձեռնողները զատկական նապաստակներին փոխարինել են շոկոլադե նապաստակներով՝ մեկնաբանելով, որ նապաստակները լուրջ վնաս են հասցնում երկրի բնությանը։
Ֆլորենցիա, Իտալիա
Ֆլորենցիայում տեղացիները նշում են Զատկի 350-ամյա ավանդույթը, որը հայտնի է որպես Scoppio del Carro կամ «սայլի պայթյուն»: Պայթուցիկներով լի զարդարված սայլը քաղաքի փողոցներով տանում են 15-րդ դարի գունագեղ տարազներ հագած մարդիկ։ Այնուհետև Ֆլորենցիայի արքեպիսկոպոսը վառում է հրավառությունը:
Ֆինլանդիա
Սկանդինավյան այս երկրի երեխաները հագնվում են կախարդների պես և փողոցներում շոկոլադե ձվեր մուրում` իրենց հետ տանելով փետուրներով զարդարված ճյուղեր: Արևմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկներ են վառում Զատկի օրը, քանի որ, ըստ հավատամքի, բոցերը հեռացնում են կախարդներին, որոնք Ավագ ուրբաթ օրվանից մինչև Զատիկ թռչում են ցախավելներով։
Լեհաստան
Զատկի երկուշաբթի օրը միմյանց վրա ջուր լցնելը լեհական ավանդույթ է, որը կոչվում է Śmigus-dyngus: Լեգենդը ասում է, որ երկուշաբթի օրվա ընթացքում թրջված աղջիկները կամուսնանան տարվա ընթացքում:
Ֆրանսիա
Մի մոռացեք պատառաքաղ վերցնել, եթե Զատկի երկուշաբթի օրը գտնվում եք Ֆրանսիայի հարավային Օ քաղաքում: Ըստ Atlas Obscura-ի, ամեն տարի հսկա ձվածեղ է մատուցվում քաղաքի գլխավոր հրապարակում: Ձվածեղի համար օգտագործվում է ավելի քան 15 հազար ձու, որը համտեսում է մինչև 1000 մարդ: Ըստ պատմության, երբ Նապոլեոնը և նրա զորքը ճանապարհորդել են Ֆրանսիայի հարավով, նրանք կանգ են առել մի փոքրիկ քաղաքում և ձվածեղ կերել: Նապոլեոնն այնքան է հավանել այն, որ հրամայել է քաղաքաբնակներին հավաքել իրենց ունեցած ձվերը և հաջորդ օրը հսկա ձվածեղ պատրաստել իր բանակի համար:
Կորֆու, Հունաստան
Ավագ շաբաթ առավոտյան Հունաստանի Կորֆու կղզում տեղի է ունենում ավանդական «անոթների նետում» արարողությունը, որի ժամանակ մարդիկ իրենց պատուհաններից նետում են անոթներ, և այլ կավե իրեր՝ ջարդուփշուր անելով դրանք: Ոմանք ասում են, որ այս սովորությունը եկել է վենետիկցիներից, որոնք Ամանորի օրն իրենց բոլոր հին իրերը պատուհաններից դուրս են նետում: Մյուսները կարծում են, որ «անոթների նետումը» գարնան սկիզբը խորհրդանշելու նպատակ ունի՝ նոր բերքը նոր անոթներում հավաքելու համար:
Նորվեգիա
Ըստ Visit Norway-ի` Նորվեգիայում Զատիկը քրեական նովելներ կարդալու ժամանակաշրջան է: Ասում են, որ ավանդույթը սկսվել է 1923 թվականին, երբ մի հրատարակիչ թերթերի առաջին էջերում գովազդել է իր նոր քրեական վեպը:
Վատիկան
Ավագ ուրբաթ օրը Հռոմի պապը նշում է «Խաչի ճանապարհը»: Երթին ներկա մարդիկ մոմեր են պահում և շրջում Կոլիզեումից մինչև Պալատին բլուր՝ ճանապարհին 14 անգամ կանգ առնելով և ցույց տալով Խաչի 15 կանգառները: Պատարագը տեղի է ունենում Ավագ շաբաթ երեկոյան, իսկ Զատկի կիրակի օրը, հազարավոր այցելուներ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում և սպասում Հռոմի պապի օրհնությանը։
Վերժես, Իսպանիա
Ավագ հինգշաբթի, Իսպանիայի միջնադարյան Վերժես քաղաքում, անց է կացվում ավանդական «dansa de la mort»-ը կամ «մահվան պարը»: Բոլորը հագնվում են կմախքի հագուստներ և անցնում փողոցներով: Երթի ամենավերջից քայլում են վախկոտ կմախքները, որոնք տանում են մոխրի տուփեր: Պարը սկսվում է կեսգիշերին և տևում է երեք ժամ:
Վաշինգտոն, ԱՄՆ
Ավելի քան 130 տարի Սպիտակ տունն իր հարավային մարգագետնում կազմակերպում է «Զատկի ձվի գլորման» արարողություն: Մասնակիցները գունավոր, պինդ եփած ձուն մեծ գդալով գլորում են:
Հունգարիա
«Sprinkling»-ը՝ հունգարական սիրված ավանդույթ է, որն անց է կացվում Զատկի երկուշաբթի օրը և հայտնի է նաև որպես «բադի երկուշաբթի»: Տղաները օծանելիք կամ օծանելիքով լի ջուր են ցանում աղջիկների վրա` դրա համար թույլտվություն ստանալուց հետո:
Երուսաղեմ
Ավագ ուրբաթը օրը հավատացյալներն անցնում են Հիսուսի խաչելության ճանապարհը: Զատկի կիրակի օրը, շատ ուխտավորներ հաճախում են եկեղեցի և պատարագի մասնակցում այնտեղ, որտեղ ենթադրաբար թաղվել է Հիսուսը։
Պրիցի, Իտալիա
Իտալական Սիցիլիա կղզու Պրիցի կոմունայի տեղացիները սարսափելի դիմակներ և կարմիր զգեստներ են հագնում՝ մինչ կեսօր, երբ Մարիամ Աստվածածինը և հարություն առած Քրիստոսը փրկում են օրը ու քշում դևերին: