Պոմպեոն Բայդենին կոչ է արել «ԱՄՆ-ն Ռուսաստանից պաշտպանելու համար հռետորաբանության և վիրավորանքների փոխարեն իրական քայլեր ձեռնարկել»
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, մեկնաբանելով երկրի նախագահ Ջո Բայդենի՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած մեկնաբանությունները, հայտարարել է, որ Բայդենը «ԱՄՆ-ն Ռուսաստանից պաշտպանելու համար հռետորաբանության և վիրավորանքների փոխարեն պետք է իրական քայլեր ձեռնարկի»։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կարևոր է պահպանել իր ազատությունն ու անվտանգությունը։ Նրանք պետք է ԱՄՆ-ն առաջին տեղում դնեն, և մենք դա արել ենք, երբ խոսքը վերաբերում էր երկիրը Ռուսաստանից պաշտպանելուն։ Մենք փորձել ենք խանգարել նրանց խողովակաշար կառուցել, որը Եվրոպային պետք է կախվածության մեջ դներ ռուսական էներգետիկայից»,- Fox News-ի եթերում ասել է Պոմպեոն։
Նախկին պետքարտուղարը նաև նշել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն օգնություն է ցուցաբերել ուկրաինացիներին, «որպեսզի վերջիններս կարողանան պաշտպանվել Ռուսաստանից»։
«Եթե Ամերիկան առաջին տեղում եք դնում և խոսքերն ապացուցում եք իրական գործերով, այլ ոչ թե պարզապես հռետորաբանությամբ և վիրավորանքներով, հաջողության շատ ավելի մեծ շանսեր են լինում»,- մենաբանել է Պոմպել։
Այնուամենայնիվ, Պոմպեոն, կարծես, համաձայնել է Պուտնի հասցեին հնչեցրած մեկնաբանություններին, մասնավորապես՝ «մարդասպան» որակմանը։
Ավելի վաղ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։ Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, նա պատասխանել էր.«Շուտով կտեսնեք»։
Նա նաև նշել էր, որ լավ է ճանաչում Պուտինին։ Նրա խոսքով՝ «Պուտինը հոգի չունի»։ Հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահը մարդասպան է, վերջինս պատասխանել էր․ «Այո»։
Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ իրեն «մարդասպան» որակելուն ի պատասխան վերջինիս առողջություն էր մաղթել։
«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչպես նշել է նա, անձամբ ծանոթ ենք։ Ես կպատասխանեի նրան՝ առողջ եղեք»,-ասել էր Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ դա ասում է «առանց հեգնանքի և կատակի»։
ՌԴ նախագահը նաև հավելել էր․ «Ով նման վիրավորական բան է ասում, հենց ինքն է այդպիսին»։