Անջելինա Ջոլին նոր փաստաթղթեր է ներկայացրել դատարան, որոնցում Բրեդ Փիթի կողմից ենթադրյալ ընտանեկան բռնության մասին ապացուցներ կան․ ԶԼՄ-ներ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է դատարանում հանդես գալ իր նախկին ամուսնու՝ ամերկացի դերասան Բրեդ Փիթի դեմ, հաղորդում է US Magazine-ը։
Առաջիկա օրերին պետք է տեղի ունենա դերասանների ապահարզանի գործով հերթական դատական նիստը։ Դատական արձանագրությունները վկայում են, որ Ջոլին մի քանի փաստաթուղթ է ներկայացրել դատարան, որոնցում Բրեդ Փիթի կողմից ենթադրյալ ընտանեկան բռնության մասին ապացուցներ կան։
Դրա հետ մեկտեղ, որոշ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախկին ամուսինների երեխաներից ոմանք նույնպես պետք է մասնակցեն նիստին։ Ակնկալվում է, որ դատարանը թույլ կտա նիստին մասնակցել զույգի՝ ցուցմունքներ տալու համար անհրաժեշտ տարիքը լրացած ավագ երեխաներին:
Նշենք, որ դերասանները բաժանվել են 2016 թվականին։ Դրանից հետո զույգը սկսել է իրենց 6 երեխաների խնամքի համար դատական հայցեր ներկայացնել։ Փիթը ցանկանում է խնամակալության հավասար իրավունքներ ունենալ, մինչդեռ Ջոլին դեմ է դրան։