ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է՝ ինչու է կանչել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը սպասում է Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպանի վերլուծություններին՝ երկու երկրների հետագա հարաբերությունները հստակեցնելու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների:
«Ամերիկյան նոր վարչակազմը ղեկավարում է գրեթե երկու ամիս, 100 օրվա խորհրդանշական ամսաթիվը հեռու չէ, և դա լավ առիթ է փորձելու գնահատել, թե ինչն է ստացվում Ջո Բայդենի թիմի մոտ, ինչը՝ ոչ»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները հայտնվել են փակուղում, և ամենակարևորը դրանից դուրս գալու ուղիներ գտնելն է:
«Մենք շահագրգռված ենք կանխել դրանց անդառնալի հետընթացը, եթե ամերիկացիները գիտակցեն դրա հետ կապված ռիսկերը»,-ավելացրել են գերատեսչությունում:
Պետդեպարտամենտը, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն պահպանում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա համապատասխանում է իր շահերին, բայց մտադիր է պատասխանատվության ենթարկել Մոսկվային «չարամիտ գործողությունների» համար: Հարցին, թե Անտոնովը հանդիպե՞լ է Ջո Բայդենի վարչակազմից որեևէ մեկի հետ, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը պատասխանել է, որ չի կարող տեղեկացնել որևէ հանդիպման մասին: