«Թուրքիայում քրդամետ կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերը վնասում են երկրում ժողովրդավարությանը»․ ԱՄՆ պետդեպն Անկարային կոչ է արել հարգել խոսքի ազատության սկզբունքները
ԱՄՆ-ն կարծում է, որ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) լուծարման մասին թուրքական դատախազության պահանջը վնասում է երկրում ժողովրդավարությանը, ուստի Անկարային կոչ է անում հարգել խոսքի ազատության սկզբունքները: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ նախօրեին տարածած հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, ներառյալ՝ մարտի 17-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին պատգամավորական մանդատից զրկելու տագնապալի որոշմանը»,- ասված է նրա տարածած հաղորդագրության մեջ։
Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ում հետևում են նաև Ժողովրդադեմոկրատական կուսակցության լուծարմանն ուղղված ջանքերին՝ ընգծելով, որ այդ որոշումը Թուրքիայում էլ ավելի կխաթարի ժողովրդավարության սկզբունքները։
«Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում հարգել կարծիքների արտահայտման ազատությունը»,- հավելել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն զրկվել է պատգամավորական մանդատից։
Պատճառը նրա դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործն է, որով Գերգերլիօղլուն մեղադրվում է Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու համար:
Դատարանը մեղավոր է ճանաչել պատգամավորին, ինչից հետո, համաձայն Թուրքիայի սահմանադրության, որոշման մասին հայտարարվել է մեջլիսում, ինչից հետո Գերգերլիօղլուն պաշտոնապես զրկվել է մանդատից:
Նախատեսվում է, որ արդեն նախկին պատգամավորը կբանտարկվի 2 տարի 6 ամիս ժամկետով: