Վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրանում առգրավվել է շուրջ 26 տոննա թմրանյութ (լուսանկար)
Իրանի թմրանյութերի վերահսկման շտաբի պետի տեղակալ Նասեր Ասլանին հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի հակաթմրանյութային ոստիկանությունը երկրում 26 տոննա ապօրինի թմրանյութ է առգրավել:
Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում ոստիկանությունն առգրավել է 25 984 կիլոգրամ անօրինական թմրամիջոց՝ բաղկացած 21 219 կիլոգրամ ափիոնից և 3912 կգ հաշիշից, 831 կգ մորֆինից, 468 կգ հերոինից, 302 կգ մետամֆետամինից, 151 կգ կանեփից և 120 կիլոգրամ այլ տեսակի ապօրինի թմրամիջոցներից»,- մանրամասնել է Ասլանին:
Նա հավելել է, որ Իրանի հինգ նահանգներ, այդ թվում՝ Սիստան, Բելուջիստան, Քերման, Հորմոզգան, Բուշեհր և Հարավային Խորասան, կազմում են թմրանյութերի շաբաթական առգրավման 52 տոկոսը:
Ըստ Ասլանիի, այս առնչությամբ ձերբակալվել է 12 067 մաքսանենգ, որից 7382-ը հանձնվել են իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք՝ վերջին տասնամյակների ընթացքում Իրանն ակտիվորեն պայքարում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Երկիրը ծախսել է ավելի քան 700 միլիոն դոլար՝ իր սահմանները փակելու և եվրոպական, արաբական , միջինասիական երկրներից թմրանյութերի տարանցումը կանխելու համար: