Ընթացքում են Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները․ ԿԳՄՍՆ
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում 2019 թվականի դեկտեմբերից մեկնարկել են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս դպրոցը «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 8 ավագ դպրոցներից մեկն է: Ներկայում ընթացքի մեջ են Երևանում և ՀՀ մարզերում գործող բոլոր 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց՝ տեղում ծանոթանալու հիմնանորոգման աշխատանքներին: Ծանոթանալով շինարարության ընթացքին՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են, որ արդեն ավարտին են հասցվել դպրոցի շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման, մետաղական ցանցի ու պատերի ջերմամեկուսացման շերտի, տանիքի ծածկերի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները: Ավարտին են մոտենում նաև նախամուտքի կառուցման և մասնաշենքերի միացման տականցման աշխատանքները: Կառուցվել են նոր աստիճաններ, բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները, ամփոփվել են ջրամատակարարման և օդափոխության համակարգի մոնտաժման աշխատանքները: Շինարարական աշխատանքների տևողությունը 24 ամիս է:
Հավելենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի նախաձեռնությամբ պարբերաբար հեռավար ձևաչափով հանդիպումներ են տեղի ունենում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են վերոնշյալ 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: