Թուրքիայի դատախազությունը քրդամետ կուսակցությունը լուծարելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան
Թուրքիայի դատախազությունը «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը լուծարելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան, հայտնում է Անատոլիական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ հայցի մեջ նշվում է, որ քաղաքական շարժման անդամների հայտարարություններն ու գործողությունները «ուղղված են եղել պետության եւ ժողովրդի միջեւ պառակտմանը»:
2017-ի հունվարին ԺԴԿ համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշի եւ Ֆիգենա Յուկսեկդաղի դեմ մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչական գործունեության եւ քարոզչության համար: Անկարայում ենթադրում են, որ այս կուսակցությունը, ներկայացված լինելով խորհրդարանում, դեռ շարունակում է կապեր պահպանել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) եւ կարող է հանդես գալ որպես նրա քաղաքական թեւ: 2017-ի փետրվարին Դեմիրթաշը մեղավոր էր ճանաչվել «թուրքական ազգին, Թուրքիայի հանրապետությունը եւ նրա պետական ինստիտուտները նվաստացնելու մեջ» եւ դատապարտվել էր հինգ ամսվա ազատազրկման: Այնուհետեւ ժամկետը մի քանի անգամ երկարացվել էր, քաղաքական գործիչը դեռ ձերբակալված է:
2018-ի հունիսին նախագահական ընտրություններում Դեմիրթաշը առաջադրել էր իր թեկնածությունը եւ 8,4% ձայնով երրորդ տեղն էր զբաղեցրել: Նույն տարվա սեպտեմբերին նա դատապարտվել էր 56 ամսվա ազատազրկման՝ ահաբեկչության քարոզչության մեղադրանքով: 2018-ի խորհրդարանական ընտրություններում ԺԴԿ-ն ստացել է ձայների 11,7%-ը եւ 67 տեղ՝ այն դարձնելով երրորդ խոշորագույն քաղաքական ուժը, որը ներկայացված է բարձրագույն օրենսդիր մարմնում: