Ժամանակը սպառվում է․ կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձրացման խնդրի առաջ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Սպառվում է ռուսական գազի ներմուծման գնի շուրջ վարվող բանակցությունների համար տրված եռամսյա ժամկետը: Անցած տարվա վերջին, ինչպես հայտնի է, «Գազպրոմը» հայտարարեց Հայաստան գազի մատակարարման գործող պայմանագիրը 3 ամսով երկարաձգելու մասին:
««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար»,- հայտարարեց «Գազպրոմը»:
Այդ ընթացքում նախատեսվում էր շարունակել բանակցությունները մատակարարվող գազի գնի վերաբերյալ: Գործող պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019 թ. վերջին, մեկ տարի ժամկետով էր: Այն պիտի ավարտվեր անցած տարվա դեկտեմբերի 31-ին և ստորագրվեր նոր պայմանագիր:
Բայց նոր պայմանագիր չստորագրվեց: Որպես բարի կամքի դրսևորում ռուսական կողմը 3 ամսով երկարաձգեց գործող պայմանագիրը:
ժամկետն ավարտվում է մարտի 31-ին: Դա նշանակում է, որ հաշված օրերի ընթացքում պետք է հստակեցվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը:
Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մարտի 16-18-ը Ռուսաստան է գործուղվել պատվիրակություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Թեև որոշման մեջ նշված չէ այցի բուն նպատակը, այնուհանդերձ դատելով պատվիրակության կազմից, կարելի է ենթադրել, որ այն կապված է գազի գնի շուրջ ընթացող բանակցությունների հետ: Մհեր Գրիգորյանը վերջին տարիներին այս հարցով հայկական կողմի գլխավոր բանակցողն է: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահը:
Թե այս անգամ ինչո՞վ կվերադառնա պատվիրակությունը Մոսկվայից, շուտով կիմանանք: Մի բան փաստ է, որ մինչև հիմա վարվող բանակցությունները մեր օգտին չեն եղել: Նիկոլ Փաշինյանի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց հասնել գազի ներմուծման գնի նվազեցման:
Ընդհակառակը՝ 2019 թ. այն թանկացավ: Ստորագրվեց պայմանագիր ներմուծման գինը 10 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ: Եթե մինչ այդ Հայաստանը ռուսական գազը ստանում էր 150 դոլարով, սկսեց ստանալ 165 դոլարով:
Այդ գինը գործում է նաև այս պահին: Սակայն այն սպասում է վերանայման:
Եթե չհաջողվի հասնել ներմուծման գնի նվազեցման, ապա դա ազդելու է նաև ներքին սակագների վրա: Նույնիսկ ներմուծման այսօրվա գնի պահպանումը հնարավորություն չի տալու խուսափել ներքին սակագների բարձրացումից: Վերջին մի քանի ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումն էապես մեծացրել է ճնշումը գազի սակագնի վրա: Գործող սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 480 դրամ փոխարժեքով: Այնինչ այսօր դոլարի գինը տատանվում է 525-530 դրամի միջակայքում: Այսինքն՝ առնվազն 45-50 դրամով ավելի բարձր է, քան դոլարի այն փոխարժեքն է, որը դրված է գազի սակագնի հաշվարկման հիմքում: Սա ֆինանսական լուրջ ծանրաբեռնվածություն է գազամատակարար ընկերության համար:
Միայն այդ հանգամանքը բավական է, որպեսզի նույնիսկ ներմուծման գնի պահպանման պարագայում հանգեցնի ներքին սակագների վերանայման: Չհաշված, որ այլ առումներով, մասնավորապես, տնտեսական իրավիճակով պայմանավորված, ևս մեծացել է ճնշումը ներքին սակագների վրա:
Իսկ թե ինչ է նշանակում ներքին սակագների բարձրացումը սպառողների համար, դժվար չէ պատկերացնել հատկապես այսօրվա տնտեսական ու սոցիալական իրավիճակում: Տնտեսությունն առանց այդ էլ կաթվածահար վիճակում է, իսկ հասարակությունը կանգնած է սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ կապված մի կողմից ակտիվ գնաճի, մյուս կողմից եկամուտների կրճատման հետ: Դրանք նաև գազի նախորդ թանկացման հետևանքներն են, որոնք այսօր սպառողներն իրենց մաշկի վրա զգում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման տեսքով:
Վերջին անգամ գազի սակագները վերանայվեցին անցած տարվա հուլիսին: Այն ժամանակ արտաքուստ հաջողվեց խուսափել բնակչությանը մատակարարվող գազի թանկացումից: Բարձրացվեց տնտեսությանը մատակարարվող գազի սակագինը: Բայց դրա հետևանքներն այսօր կրում են ինչպես տնտեսությունը, այնպես էլ հասարակությունը:
Այս պայմաններում սակագների ևս մեկ բարձրացումը կործանարար ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա: Առանց այդ էլ գազի սակագները լուրջ խոչընդոտ են բիզնեսի զարգացման և հայկական ապրանքների մրցունակության համար: Այն անուղղակիորեն ազդում է ինչպես ապրանքների ու ծառայությունների գների վրա, այնպես էլ թանկացնում է հոսանքը: Դրան մենք հերթական անգամ բախվեցինք վերջերս՝ փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացնելով էլեկտրաէներգիայի սակագինը:
Թեպետ դրանով ճնշումն էլեկտրաէներգիայի սակագների վրա չթուլացավ: Այն շարունակում է մեծանալ կապված էներգաարտադրության կառուցվածքի փոփոխության հետ: Էժան հոսանքի փոխարեն վերջին շրջանում ստիպված ենք ավելի շատ թանկ հոսանք սպառել:
Այսքանից հետո, հիմա կրկին կանգնել ենք գազի սակագնի բարձրացման ռիսկերի առաջ ու չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում:
Անցած տարվա սկզբին, երբ համաշխարհային շուկայում արձանագրվում էր էներգակիրների գների նվազում Հայաստանի կառավարությունը շտապեց ուլտիմատում ներկայացնել Ռուսաստանին գազի ներմուծման գինը նվազեցնելու համար: Մհեր Գրիգորյանը նամակ գրեց «Գազպրոմի» վարչության նախագահին՝ առաջարկելով նոր իրողությունների պայմաններում սկսել բանակցություններ Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման վերաբերյալ: Այն ժամանակ չէին մտածում, որ գազի միջազգային գները կարող են նաև բարձրանալ: Այն, ինչին հիմա ականատես ենք լինում: Ու դրա հետևանքով «Գազպրոմն» այսօր հակված է գնալ մատակարարման գների բարձրացման: Այս տարվա սկզբին արված գնահատումներով ընկերությունը վերանայել է գազի արտահանման միջին գնի նախորդ կանխատեսումը: Այն ժամանակ ակնկալիքը 170 դոլար էր, հիմա դարձել է 200 դոլար:
Դա ինչքանո՞վ կարտահայտվի նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի վրա, կտեսնենք առաջիկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: