Իհարկե, չենք կարող փաստել, որ աղքատության կրճատման մասով մենք էական բարելավում ունենք․ Մեսրոպ Առաքելյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 1-ից Հայաստանում կգործարկվեն միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակները, որոնք միավորելու են սոցիալական 4 ծառայություններ՝ զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության տարածքային բաժինը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը և բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը։ Այս պահին ընթանում է նոր տարածքների շինարարության կամ վարձակալության գործընթացը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը երեկ մեր հարցին՝ կկարողանա՞ չորս ծառայություն միավորող հիմնարկի տնօրենը դուրս գալ այդ ծանր բեռի տակից, ասաց․ «Մեկ հոգու ղեկավարման խնդիր չէ, ոլորտային ղեկավարներ են լինելու, այդ մասով որևէ խնդիր չի լինելու, այսինքն՝ ոլորտներից յուրաքանչյուրը, նաև քանի որ նեղ մասնագիտական ոլորտներ են, իրենց մասնագետներն ունենալու են»։ Այսինքն՝ մեծ հաշվով, մենեջերի դեր են ստանձնելու միասնական մարմինների ղեկավարները։
- Իսկ բյուջեի վրա որքա՞ն բեռ է նստելու այս ամենը, քանի որ նաև շինարարական աշխատանքներ են իրականացվում։
- Չէ, բյուջեի բեռի որևէ խնդիր չկա, շինարարությունն այսպես թե այնպես, նախատեսված է եղել բյուջեով, իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա դրանք նոր կառույցներ չեն, այլ ինքը եղած կառույցների միավորում է, այսինքն՝ մենք պահպանելու ենք նաև աշխատակիցների թվաքանակը, կրճատումներ չեն լինելու։ Էական փոփոխություն ավելացումների կամ նվազեցման մասով չենք ունենալու։
- Մենք հիմա քանի՞ նպաստառու կամ սոցիալապես անապահով ընտանիք ունենք։
- Ընտանիքների ապահովության նպաստ, որ ստանում են, երկու մասի է բաժանվում։ Ընտանիքների թիվը 60 հազարից ավելի է, սակայն այդ մասով էլ բարեփոխման կարիք ունենք, որովհետև աջակցություն ունեցող ընտանիքների և աղքատների համար որոշակի շեմ կա։ Եվ, այո, փաստում ենք, որ կան որոշ ընտանիքներ, որոնք իրոք ունեն աջակցության կարիք, սակայն այսօրվա գործող կարգավորումներով դուրս են մնում այդ աջակցությունից, և հնարավոր է նաև հակառակը, հետևաբար, այդ ուղղությամբ նույնպես պետք է քաղաքականությունը փոխվի։
- Հաճախ կարելի է հանդիպել ընտանիքների, որոնք բնակվում են վերանորոգված, բարվոք բնակարաններում, սակայն աղքատության նպաստ են ստանում։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու։
- Գործող կարգավորումներով, այո, հնարավոր է որոշակի դեպքեր լինեն, սակայն քաղաքականությունը որ փոխվի, ավելի օբյեկտիվ գնահատականների հիման վրա իրականացնենք չափումները, այդ հարցը կկարգավորվի։ Էստեղ հիմնական խնդիրը Հայաստանում եկամուտների չհաշվառումն է, մենք չունենք, ի տարբերություն այլ երկրների, մեզ մոտ եկամուտների ընդամենը մի հատվածն է աշխատավարձ հանդիսանում, որի մասին մենք ունենք ինֆորմացիա։ Խոսքը ոչ թե թաքնված եկամուտների մասին է, այլ կան եկամուտներ, որոնք չեն հաշվառվում, չկա որևիցե հստակ տեղեկություն, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում, ինքնազբաղվածների հատվածում, որ մենք 100 տոկոս ճշգրտությամբ իմանանք՝ այդ մարդու եկամուտը որքան է։ Բայց մենք հակված ենք ավելի շատ անել առավելագույնը, որպեսզի օգնության կարիք ունեցողները դուրս չմնան աջակցությունից։
- Հիմա կա՞ն մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն, բայց դուրս են մնացել։
- Հնարավոր է լինեն նման դեպքեր, քանի որ, նորից եմ կրկնում, համակարգը կատարյալ չէ, այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ նախանշված են։
- Եթե չափենք դինամիկան, այս կառավարության գործունեության արդյունքում աղքատների, սոցիալապես անապահով ընտանիքների թիվը վերջին երեք տարում նվազե՞լ է, թե՞ ավելացել։
- Չէ, նվազում եղել է, նաև էդ նվազման հիմքում ընկած է եղել հենց այդ անարդյունավետության որոշակի կրճատումը, որ այն ընտանիքները, որոնք աջակցության կարիք չեն ունեցել, նախկինում նաև որոշակի չարաշահումների և թերի կարգավորումների արդյունքում մեր համակարգում են գրանցված եղել, հիմա իրենք այդ համակարգից արդեն դուրս են եկել, և այդ մասով աշխատանքները կատարվում են։ Իհարկե, չենք կարող փաստել, որ աղքատության կրճատման մասով մենք էական բարելավում ունենք։ Այդ ուղղությամբ պետք է ընդհանուր աշխատանքներ տարվեն և ոչ միայն սցիալական աջակցության մասով, հիմնական խնդիրը նաև այդ մարդկանց եկամտով ապահովելն է։ Այսինքն՝ ոչ թե միայն ֆիքսենք, որ մարդիկ աղքատ են, և մենք նրանց փող ենք տալիս, որ գնան ապրեն, այլ պետք է այնպես անենք, որ այդ մարդիկ հնարավորություն ունենան իրենք իրենց եկամուտն ապահովել։ Դրա համար մենք՝ ինքներս էլ, որքան հնարավոր է՝ նախարարության տիրույթում այդ ընտանիքներին փորձում ենք զբաղվածության ծրագրեր առաջարկել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում։
- Բայց մենք ունենք աշխատատեղերի խնդիր, այդ խնդիրները լուծելու համար պետք է նախ աշխատատեղեր ստեղծվեն, իսկ մենք տեսնում ենք, որ բիզնեսները գնալով փակվում են, որևէ խոշոր ներդրում, որ երկրով մեկ մեծ աշխատատեղեր բացվեն, չեն կատարվում։
- Ակնհայտ է, որ այս պահին տնտեսության զարգացումն այն տեմպերով չի ընթանում՝ նաև հաշվի առնելով պատերազմի հետևանքները, իհարկե, համաձայն եմ՝ առաջնային է այդ խնդիրը, աշխատատեղերի այն ցածր մակարդակը, որ մենք ունենք, հուսով ենք՝ քայլ առ քայլ կկարգավորվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: