Թրամփը հույս է հայտնել, որ Մեգան Մարքլն իր թեկնածությունը կառաջադրի 2024-ի նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, 2024-ին որպես դեմոկրատական կուսակության անդամ իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Այս մասին Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում։
Թրամփին խնդրել են մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին, որ Մարքլը դիտարկում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրվելու հնարավորությունը և այդ առիթով հանդիպել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
«Ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Եթե դա տեղի ունենա, ես էլ ավելի հակված կլինեմ առաջադրվելու»,- պատասխանել է Թրամփը։
Անդրադառնալով արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին վերջերս տված հարցազրուցին՝ Սպիտակ տան նախկին ղեկավարն ասել է․ «Ես Մեգանի երկրպագուն չեմ։ Կարծում եմ՝ նա վատ է արտահայտվում թագավորական ընտանիքի և թագուհի Էլիզաբեթ 2-րդի մասին, որին, ինչպես գիտեք, հանդիպել եմ․ նա հիանալի կին է»։
Նշենք, որ Fox News-ի եթերում Թրամփը նաև հայտարարել էր, որ մարդիկ ցանկանում են, որ նախագահի պաշտոնում կրկին առաջադրի իր թեկնածությունը։
«Բոլոր հարցումների համաձայն՝ մարդիկ ուզում են, որ ես կրկին առաջադրեմ իմ թեկնածությունը: Կտեսնենք դեռ, կմտածենք այդ հարցի շուրջ»,- ասել էր Թրամփը:
Թրամփը նաև նշել էր, որ նախ և առաջ կենտրոնանալու է այն հանրապետականներին աջակցելու վրա, որոնք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղեր զբաղեցնելու համար են պայքարելու, և որ իր աջակցությունը կարող է մեծ դեր խաղալ այս կամ այն թեկնածուի հաղթանակ տանելու հարցում: