«Իրանը զարգացրել է սիոնիստական ռեժիմը տապալելու համար անհրաժեշտ հնարավորություններ». Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկրում հնարավորություններ են մշակվել «սիոնիստական ռեժիմը» կործանելու համար:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գորածակալությունը, նման հայտարարությամբ Բաքերին հանդես է եկել «Իսլամական հեղափոխության պահապանների» օրվան նվիրված շնորհավորական ելույթում՝ ուղղված ԻՀՊԿ հրամանատարին: ԳՇ պետը բարձր է գնահատել ԻՀՊԿ ուժերի խիզախ դիմագրավումն «ամբարտավան ուժերին»՝ նշելով, որ «ոչ մի ուժ ունակ չէ պարտության մատնել պահապաններին» (ԻՀՊԿ ուժերին):
Ընդգծելով տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս գտնվող իրենց թշնամիների վախն Իրանի աճող հզորության պատճառով՝ իրանցի գեներալն ասել է. «Իսլամական հեղափոխության երկրորդ փուլ թևակոխելուց առաջ ստեղծվել են անհրաժեշտ հնարավորությունները սիոնիստական ռեժիմը տապալելու և, Աստծո կամոք, կեղծ, երեխայասպան և գարշելի ռեժիմը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունից բնաջնջելու համար»:
Բաքերին հավելել է, որ ԻՀՊԿ ուժերն այնպիսի հզորություն են զարգացրել, որի շնորհիվ կարող են միաժամանակ և՛ հարձակվել, և՛ պաշտպանվել: