«Մենք դա ատում ենք»․ Քլոե Քարդաշյանը բացահայտել է` ինչ չեն սիրում անել Քարդաշյան-Ջեներ քույրերը միջանձնային հարաբերություններում
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը Gritty Pretty ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ Քարդաշյան-Ջեներ քույրերն իրենց երեխաներին դաստիարակելու վերաբերյալ միմյանց խորհուրդներ չեն տալիս։
«Երեխաների դաստիարակությունը միշտ մարտահրավերային կարող է լինել, բայց ես բախտավոր եմ, որ ունեմ ինձ լիովին աջակցող ընտանիք։ Մենք նաև հստակ գիտենք, որ ունենք առանձին ընտանիքներ և չենք սիրում միմյանց ընտանեկան կյանքին վերաբերող շատ խորհուրդներ տալ, եթե դրա կարիքը չկա»,- ասել է Քլոեն՝ հավելելով, որ «չեն քննադատում երեխաների դաստիարակության հարցում միմյանց մեթոդները»։
«Մենք դա ատում ենք»,- հավելել է իրապատում շոուի աստղը։
36-ամյա հեռուստաաստղը նաև բացահայտել է, որ դստեր՝ Թրուի հետ խաղալու համար նույնիսկ ամենածանր աշխատանքային օրերին փորձում է ժամանակ գտնել։
«Մայրության ամենահաճելի կողմերից մեկն այն է, երբ տեսնում ես՝ երեխադ ինչպես է մեծանում, ինքնուրույն անհատ դառնում»,- հավելել է Քարդաշյանը։