«Ռուսական պատվաստանյութ ձեռք բերող երկրների նկատմամբ գործադրվող ճնշումն աննախադեպ է». Պեսկով
Արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել:
«Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-Պեսկովին մեջբերում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝ արդյոք խոսքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասին է:
«Այստեղ ես մեկնաբանություններ չեմ անի»,- ասել է նա:
Նշենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 120 մլն-ը, մահացածներինը՝ 2,6 մլն-ը: Իսկ Ռուսաստանում, որը 4-րդ երկիրն է աշխարհում վարակվածության ցուցանիշով, համավարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 4,4 մլն դեպք , մահացել է ավելի քան 92 հազար մարդ: