«Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը պետք է նայի ճշմարտության աչքերին և թույլ չտա խաբել իրեն». Զատուլին
Ռուսական քաղաքականությունը Կովկասում հաշվի է առնում պատմական հիշողությունը՝ կապված Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած «Ցեղասպանութունը և Առաջին աշխարահամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով միջոցառման ժամանակ, որը կազմակերպել է ՌԴ Հայերի միությունը:
Զատուլինը հիշեցրել է հայ ժողովրդի պատմական հիշողության հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման մասին: Պատգամավորը շեշտել է, որ ՌԴ ղեկավարը 2015 թվականի ապրիլի 24-ին ելույթ է ունեցել Ծիծեռնակաբերդում՝ հստակ ներկայացնելով Ռուսաստանի տեսակետը 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հարցով:
«Ես հիշում եմ՝ ինչքան էին այն ժամանակ համոզում չգնալ Երևան, չսրել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Ռուսաստանի նախագահը գերադասեց գնալ և ասել ամեն ինչ, ինչպես որ իրականում եղել է: Եվ այժմ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ մեկնաբանություն տալով՝ Պուտինը բացատրել է, թե ինչու է դեմ հանդես եկել թուրք խաղաղապահներին ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելուն: Ռուսաստանի նախագահի այս դիրքորոշումն արժանի է ամեն տեսակի աջակցության»,- ընդգծել է Զատուլինը՝ ելույթ ունենալով քեմալական Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի ստորագրած Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Վերջինս կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խաբվի Թուրքիայի քաղցր խոսքերին, այլ պետք է նայել իրականության աչքերին և թույլ չտալ խաբել քեզ»:
Նրա կարծիքով՝ Ցեղասպանության հարցը բարձրաձայնում է ոչ միայն պատմական մեղքի և ապաշխարհության խնդրի, այլև Ռուսաստանին վերաբերող հարցի մասին: «Բանն այն է, որ աշխարհում ներկա պահին բազմաթիվ շահարկումներ են տեղի ունենակում և «ցեղասպանություն» բառը ցանկացած տեսակի հանցագործության վերագրելու փորձեր են արվում»,- նշել է ռուս պատգամավորը:
«Մենք լսել ենք այսպես կոչված՝ «գոլոդոմորի» մասին, մենք լսել ենք Խոջալուի մասին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններ ժամանակ: Սակայն ցեղասպանությունը համակարգային բնորոշում ունի: Դրանք փաստաթղթերով վավերագրված գործողություններ են, ամբողջ ժողովրդի բնաջնջման մասին որոշումներ: Ոչ մի նման բան «գոլոդոմորի» կամ Խոջալուի դեպքում չի եղել»,- ասել է Զատուլինը:
Քաղաքական գործիչը մեկնաբանել է, որ կոչ չի անում խզել հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, սակայն պետք է ճիշտ գնահատական տալ պատմական անցյալին: Եվ վերլուծելով մոսկովյան պայմանագիրը և այն ժամանակված Թուրքիայի և Խորհրդային Միության հարաբերություններում հաջորդած «սիրախաղը»՝ Զատուլինն ընդգծել է, որ դա չի խանգարել Թուրքիային հետագայում ԽՍՀՄ-ի դեմ հարձակումներ իրականացնելու ծրագրեր մշակել Երկրորդ աշխարահամարտի տարիներին: