ԱՄՆ-ում Սպիտակ տանը չեղարկել են COVID-19-ի ստուգման ամենօրյա թեստավորումը
ԱՄՆ-ում Սպիտակ տան աշխատակիցներն այլեւս պարտավոր չեն ամեն օր կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել, հիմա դա կարելի է անել շաբաթը մեկ անգամ, հայտնում է Axios պորտալը:
Նշվում է, որ նման որոշումը, հավանաբար, կապված է Սպիտակ տանը աշխատող անձանց մեծ մասի պատվաստման հետ:
Սպիտակ տան ներկայացուցիչ Քեւին Մունոզը պորտալին հայտնել է, որ թեստավորումից բացի, աշխատողների համար պահպանվում են կորոնավիրուսով վարակումը կանխելու նպատակով շատ այլ միջոցառումները:
«Սպիտակ տունը պահպանում է COVID-19-ի հետ կապված խիստ ուղեցույցները... թեստավորման ուղեցույցները հիմնված են մի շարք գործոնների վրա, ներառյալ աշխատակցի պատվաստման կարգավիճակը, եւ աշխատավայրում ռիսկի նվազեցման գործող մի շարք միջոցառումներից միայն մեկն են»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Սպիտակ տանը, ինչպես նախկինում, անհրաժեշտ է դիմակ կրել եւ հեռավորություն պահպանել:
Հունվարին իշխանության եկած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան աշխատակիցների համար, որոնք աշխատում են «գլխավոր պաշտոնատար անձանց կողքին», ամեն օր COVID-19-ի թեստ հանձնելու եւ մշտապես N95 շնչադիմակներ կրելու պահանջ էր սահմանել: