ՄԻՊ գրասենյակի ֆինանսական սահմանափակմամբ նաև վնաս ենք հասցնելու գրասենյակի միջազգային հեղինակությանը․ Անի Սամսոնյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող տարեկան բյուջեի կրճատման մասին կառավարության որոշմանը՝ «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը նախ ասաց, որ բնական է՝ պատերազմից հետո պետք է գործադիրն անցներ բյուջեի ծախսումների տնտեսման ռեժիմի:
-Բայց այդ ծախսումների կրճատումները, բյուջեի վերանայումները պետք է իրականացվեն այնպես, որպեսզի վնաս չհասցնեն ինստիտուտներին: Ունենք ՄԻՊ-ի գործունեության ֆինանսավորման օրենքով ամրագրված պահանջ, որ ամեն տարի տրվող բյուջեն պետք է պակաս չլինի նախորդ տարվանից: Եվ սա ամրագրելը ոչ թե նպատակ է ունեցել սահմանափակել կառավարության հնարավորությունները տնօրինելու և վերանայելու բյուջեն, այլ պարզապես պաշտպանելու ինստիտուտը: Այսինքն՝ այստեղ առաջնահերթությունը ՄԻՊ-ի աշխատանքի անկախության ապահովումն է: Մինչդեռ այս քայլով կառավարությունը հանում է այդ դրույթը, և ստացվելու է այնպես, որ լինի այս իշխանությունը կամ մեկ այլ իշխանություն, եթե իրեն դուր չեկավ ՄԻՊ-ի աշխատանքը, անկախությունը, կարող է ճնշումներ գործադրել գրասենյակի աշխատանքի վրա՝ իր ուզած չափով ավելացնելով կամ պակասեցնելով հատկացվող բյուջեն:
-Ձեր գնահատմամբ՝ այս փուլում ինչո՞վ էր խանգարում Արման Թաթոյանն իշխանությանը, որ այսկերպ փորձում են ճնշում գործադրել իր վրա:
-Չեմ կարող ասել, թե ինչով է խանգարում, և չեմ էլ ուզում 100 տոկոսով պնդել, թե այստեղ կա դիտավորություն:
«Բայց եթե քննարկումներն այնպիսի փուլ մտան, որ իշխող մեծամասնությունը, օրինակ, խորհրդարանում ասաց՝ չէ, պետք է այսպես լինի և վերջ, կմտածենք, որ դիտավորություն կա: Պարզապես, ուզում եմ այս պահին ենթադրել, որ իշխանությունը չի հասկանում ՄԻՊ ինստիտուտի էությունը և չի գիտակցում, որ այս դրույթը շատ կարևոր նախապայման է՝ ոչ միայն պաշտպանի աշխատանքը Հայաստանի ներսում, այլ նաև դրսում: Այսինքն՝ սրանով նաև վնաս ենք հասցնելու գրասենյակի միջազգային հեղինակությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: