Փաստորեն, ըստ Դատախազության՝ գաղտնալսելն արդեն հանցագործություն չէ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Factor.am» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Վստահ եմ` գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան` դեռ հրապարակելու ժամանակը չէ»:
Երբ երկու անձի զրույցի մասին վստահաբար խոսում է երրորդ անձը, նշանակում է, որ խոսքը գաղտնալսման մասին է: Այսինքն` Հակոբյանը նման հայտարարությամբ պաշտոնական հաղորդագրություն է արել գաղտնալսման քրեորեն պատժելի արարքի մասին: Տրամաբանորեն, Գլխավոր դատախազությունը, այն դիտարկելով հանցագործության մասին հաղորդում, պետք է անմիջապես զբաղվեր դրանով:
Դիտարկե՞լ է, փորձելով պարզել, գրավոր հարցումով դիմել էինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հետաքրքրվելով նաև՝ գուցե արդեն իսկ կա՞ որևէ քրգործ, որի շրջանակում էլ իրականացվել է գաղտնալսումը: Եվ ահա ստացանք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ հարցման մեջ հիշատակվող տեսագրությունն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որի արդյունքում ի հայտ չեն բերվել այնպիսի հատկանիշներ կամ տվյալներ, որոնք առաջացնում են քրեադատավարական ընթացակարգ նախաձեռնելու անհրաժեշտություն»:
Մարդկային լեզվով ասած՝ պատգամավորը խոսում է գաղտնալսման մասին, իսկ գլխավոր դատախազությունը դա հանցագործություն չի համարում: Գանք հետևության․ Հայաստանում այլևս գաղտնալսումը հանցագործություն չէ: Միայն թե այդ դեպքում նաև հասկանալ է պետք, թե ինչո՞ւ էին գործ հարուցել Քոչարյանի հետ կապված հայտնի գաղտնալսումների առնչությամբ: Հասկանալի է, որևէ մեկին չբռնեցին: Բայց գործը, ի վերջո, հարուցե՞լ էին: Թե՞ Հայաստանում քրեորեն պատժելի են համարում, երբ գաղտնալսում են պաշտոնյաներին: Չնայած այսպես էլ չեղավ, չէ՞, որ Հակոբյանը հայտարարել է մասնավորապես, Գլխավոր շտաբի պետին գաղտնալսելու մասին, այն էլ ռազմական դրության պայմաններում:
Կարճ ասած՝ ստանում ենք այս պատկերը, երևի հանցագործություն են համարում Նիկոլի դեմ իրականացված գաղտնալսումը: Եթե այն Նիկոլի օգտին է կամ չեզոք, դա արդեն կարող է նաև պետականամետություն գնահատվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: