Զիդանը չի բացառել Ռոնալդուի վերադարձը «Ռեալ»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն Արքայական ակումբ հնարավոր է:
«Այո, դա կարող է տեղի ունենալ: Մենք գիտենք Կրիշտիանուին, թե ինչիպիսի մարդ է նա ու ինչ է արել այստեղ: Սակայն նա «Յուվենտուսի» խաղացող է: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում: Ես բախտ եմ ունեցել մարզել Ռոնալդուին, քանի որ նա, իրոք, տպավորում է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն այս մրցաշրջանի վերջում կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Նշվում էր, որ 36-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն սկսել է Արքայական ակումբի հետ քննարկել այդ տարբերակը:
Իտալական ակումբի հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը 31 միլիոն եվրո է:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 122 հանդիպում, դարձել 95 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ: