Չավի. Լապորտան լավագույն նախագահն է, որի հետ աշխատել եմ «Բարսելոնայում»
Քաթարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսն անդրադարձել է կատալոնական ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտային:
«Լապորտան իմ լավ ընկերն է: Ես շատ լավ գիտեմ նրան: Նա հնարավոր ամեն բան կանի ակումբի համար: Նա շատ լավ մարդ է: Լապորտան լավագույն նախագահն է, որի հետ ես աշխատել եմ «Բարսելոնայում»: Վստահ եմ, որ ակումբը նախկին մակարդակին կվերադառնա ինչպես սպորտային առումով, այնպես էլ՝ տնտեսական:
Հուսով եմ, որ Մեսին կմնա: Մեսին ու «Բարսելոնան» պետք են մեկը մյուսին»,- Չավիի խոսքը մեջբերում է beIN Sports Arabia-ն:
Հիշեցնենք, որ Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2003-2010 թվականներին: 58-ամյա իսպանացու օրոք կատալոնական ակումբը դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, հաղթել երկրի գավաթի խաղարկությունում, 3 անգամ նվաճել Սուպերգավաթը, 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում ու դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն: