Մոլդովայում ազգային սուգ է հայտարարվել
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 2021 թվականի մարտի 15-ը հայտարարվել է ազգային սգո օր՝ կապված գրող Նիկոլայ Դաբիժայի մահվան եւ հուղարկավորության հետ: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ազգային սուգ է հայտարարվել «ի նշան խորը տխրության, որն առաջացրել է հայտնի գրողի, Ազգային վերածննդի շարժման առաջատար աջակցի, Մոլդովայի Հանրապետության անկախության հռչակագիրը ստորագրած ակադեմիկոսի եւ գրականագետի մահվան բոթը»:
Հրամանագրի համաձայն՝ ամբողջ հանրապետությունում իջեցվել են պետական դրոշները, իսկ ժամը 12:00-ին մեկ րոպե լռությամբ երկրի բնակիչները հարգել են Նիկոլայ Դաբիժիի հիշատակը:
Միեւնույն ժամանակ, պետական գերատեսչություններին, ձեռնարկություններին եւ կազմակերպություններին խորհուրդ է տրվում չանցկացնել զանգվածային ժամանցային միջոցառումներ, իսկ լրատվամիջոցներին կոչ է արվում «հաշվի առնել օրվա առանձնահատկությունները լուրեր հրապարակելիս եւ ծրագրեր պատրաստելիս»:
Գրողի մոտ կորոնավիրուսի ագրեսիվ ձեւ էր ախտորոշվել: Նա մահացել է մարտի 12-ին կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդություններից: