«Պատմություն, որը յուրաքանչյուր մարդունն է». Գյումրու դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմը վերանորոգվելուց հետո բացեց իր դռները հանդիսատեսի առաջ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան փոքր բեմը վերանորոգվելուց հետո բացեց իր դռները հանդիսատեսի առաջ։
Դահլիճը լեփ-լեցուն է, տեղ չկա անգամ աստիճաններին։ Մինչ մեկ տարվա ընդմիջումից հետո կբացվեն բեմի վարագույրները, Դրամատիկականի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հանդիսատեսին կոչ է անում լինել ինտերակտիվ՝ արտահայտել կարծիքը ներկայացման վերաբերյալ․ «Մհեր Մկրտչյան բեմն ու հանդիսատեսը առանձնահատուկ են, քանի որ այս բեմը ծառայում է նոր գաղափարների ու մտքերի արտահայտմանը։ Այստեղ բեմադրվում են այնպիսի ներկայացումներ, որոնք տարբեր են ե՛ւ բեմադրաոճով, ե՛ւ ասելիքով։ Ներկայացումը, որն այժմ դիտելու եք, պատրաստվում է մասնակցել մի քանի հեղինակավոր փառատոնների»։
Բեմում Հասմիկ Սուվարյանն է «Հասմիկ» անանձնական մոնոներկայացմամբ, բեմադրվել է Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի հիման վրա, երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանինն է: Կիսախավար բեմում, երբեմն հայելիների առաջ, երբեմն էլ հիշողությունների արտացոլքից թաքնվելով՝ Հասմիկը պայքարում է ինքն իր հետ, կռվում է իր մանկությունը խեղաթյուրած՝ իր իսկ գծած հոգեբանական շրջանակի հետ, փորձում է գտնել հոր եւ աղջկա չստացված փոխհարաբերությունների պատճառները, որոնք հետագայում ծանր դրոշմն են թողնում ճակատագրի վրա, ինչին հաջորդում են զղջումի հույզերը․․․Հասմիկը վերջապես ասում է երկար տարիներով չասված, ուշացած խոսքերը՝ «Ներիր ինձ հայրիկ, ես չգիտեի, որ այսքան սիրում եմ քեզ․․․»։
«Սա պատմություն է, որը յուրաքանչյուր մարդունն է,– ներկայացումից հետո պատմում է դերասանուհի Հասմիկ Սուվարյանը,- Ես ուզում եմ, որ հանդիսատեսը գա, նայի ներկայացումը ոչ թե իմ խաղը հավանելու համար, այլ գա, մաքրվի այն տհաճ հիշողություններից, որոնք խանգարում են իրեն լիարժեք ապրելու համար»։
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի կարծիքով «Հասմիկ»-ի ասելիքը շատ արդիական է․ «Յուրաքանչյուր մարդ ունի իր համար գծած սահմաններ, կարևորն այն է, որ հասկանանք, թե այդ սահմանների մեջ ինչպես ենք ապրում։ Այս ներկայացման ասելիքն այն է, որ եթե մարդն ունի ներքին հանգստություն, կկարողանա առաջ շարժվել․․․Ամեն դեպքում, ցանկացած պարագայում մարդը պետք է խնդիրը գտնի իր մեջ, ոչ թե արտաքին աշխարհում», նշեց ռեժիսորը և հավելեց, նախատեսվում է Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում ներկայացումների շարք, որոնք կրելու են տվյալ դերակատարի անունը: Սա ձևաչափ է, որը մշակվում է եւ հիմքն արդեն դրվեց «Հասմիկ» ներկայացմամբ։
Հավելենք, որ Գյումրու դրամատիկականը բուռն ստեղծագործական աշխատանքի մեջ է, միայն մարտ ամսին աճեմյանցիները բեմ դուրս կգան 12 ներկայացմամբ, հանդիսատեսն էլ պատրաստ է պահպանելով սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնները գալ թատրոն, շարունակել ապրել ու ապրեցնել արվեստի ուժով։
Աղբյուրը՝ News.am Stile