Որոնք են Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները․ Հակոբ Արշակյանի գրառումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800,000 դրամ է (ներառյալ հարկերը)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան:
Նա, մասնավորապես, նշել է. «Կից ներկայացված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացված հարցման արդյունքները շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։
Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում»։