«Ի՞նչ է լինելու վաղը մեր, որեւէ մեկը չի խոսում մեզ հետ, բոլորն առաջ են տանում իրենց անձնական ամբիցիաներն ու շահը»․ Լիլիթ Մուրադյան
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, ով օրեր առաջ մայրացել է երկրորդ անգամ, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից հետեւորդների հետ կիսվել է իր մտորումներով։ Լիլիթը գրել է․
«Ես երբեք այսքան կոտրված, փշրված չեմ եղել, հիմա կասեք (Լիլիթ դու իրավունք չունես, դու մամա ես, դու ուժեղ ես) ճիշտ եք, բայց ոչ այս անգամ, հիմա ուզում եմ գոռալ, որ բոլորը լսեն, ապրումներից ու վախերից մեկ-մեկ խենթանում եմ, ուզում եմ փախչել, բայց ո՞ւր, ի՞նչպես, ուզում եմ գնամ այլ աշխարհ, հեքիաթների աշխարհ, սիրտս կտոր-կտոր է եղել, այս ինչերի միջով ենք անցնում, ի՞նչ է լինելու վաղը մեր, կամ մեր երեխաների ապագայի հետ, որևէ մեկը չի խոսում մեզ հետ, բոլորը առաջ են տանում իրենց անձնական ամբիցիաներն ու անձնական շահը, մինչդեռ մի ամբողջ ժողովուրդ ենթագիտակցաբար այս անտանելի լրահոսի զոհը դառնալով, ահով սպասում է վաղվա օրվան, միթե՞ տառապած, խաբված ազգիս էլի հարվածներ են սպասվում, միթե՞ արժանի չենք իմանալ, միթե՞ եղածը բավ չէ։
Մարդիկ հուսահատված են, ոմանք դատարկաբանությամբ են զբաղված, ոմանք ամեն րոպե հիշեցնում են գալիք պատերազմի մասին, մյուս մասը պնդում է, որ դա հնարավոր չէ, և այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ դեռ մեր շատ տղաների մարմինները հողին չեն հանձնվել, երբ հազարավոր ծնողներ դեռ սպասում են լուրի...ա՜խ երանի, թևեր առնեմ, թռչուն դառնամ...»։