Կլոպ․ Վան Դեյքի և Գոմեսի մասնակցությունը ԵԱ-ին քիչ հավանական է
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի (Նիդերլանդների հավաքական) եւ Ջո Գոմեսի (Անգլիայի հավաքական) մասնակցությունը հունիս-հուլիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին քիչ հավանական է։ Այդ մասին հայտնել է լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Լուրջ վնասվածքների պատճառով արդեն մի քանի ամիս բացակայող կենտրոնական պաշտպանները «Լիվերպուլի» հետ լիարժեք մարզումների կմասնակցեն միայն ամառային նախապատրաստական փուլում, հաղորդում է Sky Sports-ը։ Այս մրցաշրջանում խաղադաշտ չի վերադառնա նաեւ կամերունցի Ժոել Մատիպը։
«Իմ ունեցած տվյալները հուշում են, որ Վան Դեյքի եւ Գոմեսի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը գրեթե անհնար է։ Մենք բոլորս հույս ունենք, որ նրանք պատրաստ կլինեն ամառային հավաքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Մատիպին։
Նրանց վնասվածքները շատ լուրջ են։ Այս մրցաշրջանում խաղալու մասին նույնիսկ խոսք չի կարող լինել։ Եթե նրանք հասցնեն վերադառնալ մարզումներին, ես երջանիկ կլինեմ, բայց Եվրոյի մասին չեմ մտածել»,- ասել է Կլոպը։
Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» մարտի 15-ին կհյուրընկալվի «Վուլվերհեմփթոնին»։