ԵՄ հինգ երկրներ պահանջել են գագաթաժողով հրավիրել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասար բաշխման պատճառով
ԵՄ հինգ երկրներ՝ Ավստրիան, Բուլղարիան, Լատվիան, Սլովենիան եւ Չեխիան, պահանջել են ԵՄ գագաթաժողով անցկացնել՝ համայնքի անդամների շրջանում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդար բաշխման խնդիրը քննարկելու համար: Ինչպես շաբաթ օրը հաղորդել է Ավստրիական մամուլի գործակալությունը, այս հինգ պետությունների կառավարությունների ղեկավարների նամակը ուղարկվել է Բրյուսել:
Նամակի հեղինակները պահանջում են պատվաստանյութերի բաշխումը ԵՄ երկրների միջեւ բնակչության թվին համամասնորեն կազմակերպել: Հինգ երկրների ղեկավարները քննադատել են Եվրամիության շրջանակներում ենթադրվող մեխանիզմը՝ թույլ տալով առանձին պետություններին եւ դեղագործական ընկերություններին պատվաստանյութերի մատակարարման լրացուցիչ գործարքներ կնքել: Այդ պատճառով համայնքի առանձին անդամներ կարող են բախվել պատվաստանյութերի պակասի հետ:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ավելի վաղ հայտարարել էր, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը անհամամասնաբար են բաշխվում Եվրամիության անդամների շրջանում, քանի որ գաղտնի գործարքներ են կնքվել առանձին երկրների եւ դեղագործական ընկերությունների միջեւ: Ըստ Կուրցի, ի հեճուկս ԵՄ պետությունների ղեկավարների եւ կառավարությունների պայմանավորվածության, գաղտնի պայմանագրերը կարող են ստորագրվել ԵՄ կառավարման խորհրդի շրջանակներում՝ բժշկական պաշտոնյաների մասնակցությամբ: Ավստրիայի կանցլերը կուլիսային նման պայմանավորվածությունները համեմատել է շուկայի հետ:
Կուրցը համոզված է, որ նման մեխանիզմի պատճառով Բուլղարիան եւ Լատվիան կարող են բախվել պատվաստանյութերի պակասի հետ: Այս կապակցությամբ Ավստրիայի կանցլերը հորդորել է կանխել գաղտնի պայմանավորվածությունների իրականացումը՝ Եվրոպայում պատվաստանյութերի արդարացի բաշխման հասնելու համար:
ԵՄ մի քանի երկրներ հերքել են Կուրցի մեղադրանքները, շաբաթ օրը հաղորդել է Ավստրիական մամուլի գործակալությունը: Ավստրիայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտարարել է գնումների թափանցիկ մեխանիզմի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: