«Սա իմ կամքն է, իմ հոգու ու սրտի պարտքը». Սոնայի հատուկ համերգը՝ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին
«Ահա ընկղմվեց ու ծածկվեց անհետ
Արարածներիդ չարությունն համայն
Քո երկայնամիտ կամքի լույսի մեջ,
Ինչպես չնչին մեգն արեւի տապում.
Այդ են վկայում նաև հենց այստեղ
Մեր իսկ էության հատուկ բարքերն ու կրքերն ամենքի»:
Նարեկացու այս տողերով սկսվեց երգչուհի Սոնայի «Քո հրեշտակը»/«Твой Ангел» խորագրով հատուկ համերգը՝ նվիրված Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված զինվորների հիշատակին: Երգչուհու խոսքով՝ այս համերգն իր համար էմոցիոնալ առումով առանձնանում է.
«Սա իմ կամքն է, իմ հոգու ու սրտի պարտքը. Աստված է ինձ այս տաղանդը տվել, ես էլ պետք է այն կիսեմ: Այսօր ինձ համար շարքային համերգ չէ, այն էմոցիոնալ առումով շատ տարբերվող է»,-ելույթին ընդառաջ նշեց Սոնան:
Համերգի ոչ մի տոմս չի վաճառվել, եղել են միայն հրավիրատոմսեր:
«Հրավիրել ենք զոհված զինվորների ընտանիքների անդամներին, վիրավորում ստացած զինվորներին՝ իրենց սիրելիների կամ ընտանիքի անդամնրի հետ, հրավիրված են նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, բժիշկներ, որոնք աշխատել են պատերազմի դաշտում, առանջնագծում եղած այլ մասնագետներ: Շատերն իրենք են զանգահարել եւ ցանկություն հայտնել ներկա գտնվելու համերգին: Գիտե՞ք՝ այստեղ ինձ սիրել-չսիրելու հարցը չէ. ինձ հավատում են, ինչն ինձ համար շատ ավելի կարեւոր է»,-հավելեց նա:
Պատերազմից հետո սա Սոնայի առաջին համերգն էր: Երգչուհին նշում է, որ այն հենց բարեգործական բնույթ պետք է կրեր.
«Այս տարի իմ ստեղծագործական գործունեության 30-ամյակն է, ինչի առթիվ պատրաստվում էինք մենահամերգ ունենալ Հայաստանում, Մոսկվայում, նաեւ՝ Արցախում... Բայց համարում եմ, որ հենց բարեգործական համերգով պետք է սկսեի այս տարին, սա իմ հոգու պարտքն է: Հիմա շատ կարեւոր է հայի ոգին պահպանելը: Ես պատրաստ եմ հանդիսատեսին ե´ւ ջերմություն տալ, ե´ւ նրանցից այդ ջերմությունը ստանալ»:
Համերգի ընթացքում Սոնան կատարեց մոտ 30 երգ: Նրան նվագակցեցին իր բենդն ու բեքվոկալիստներ՝ Տյոմը, Անահիտ Շահբազյանը եւ Անահիտ Պետրոսյանը: Համերգին ելույթ ունեցան նաեւ Արամեն, Սարգիս Եղիազարյանը, Կարեն-Սեւակ դուետը եւ Ռաիսա Ավանեսյանը:
Երեկոյի մյուս մանրամասները և ամբողջական հոդվածը՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում: