«Իրանում համավարակի 4-րդ ալիքի տարածման հավանականություն կա»․ Ռոհանի
Իրանում դեռևս առկա է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի տարածման հավանականությունը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին:
«Համավարակի չորրորդ ալիքի սպառնալիքը վերացված չէ: Մինչև այսօր մենք զգույշ ենք եղել, որպեսզի խուսափենք նոր ալիքից, սակայն այդ սպառնալիքը կարող է ցանկացած պահի իրականանալ», - ասել է Ռոհանին՝ Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ընթացքում:
Նախագահը հավելել է, որ «Իրանն այս և հաջորդ շաբաթ կբարձրացնի պատվաստումների մակարդակը»:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը հաղթահարել է երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքը:
Փետրվարի 9-ին Իրանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը, որի շրջանակում կիրառվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանոյւթ։ Բացի այդ, փետրվարի 28-ին Իրանը ստացել է կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm պատվաստանյութի առաջին խմբաքանակը, իսկ մարտի 11-ին՝ հնդկական Bharat Biotech ընկերության արտադրության պատվաստանյութի 150 հազար չափաբաժին: Նախատեսվում է, որ իրանական արտադրության պատվաստանյութի օգտագործումը կսկսվի ապրիլին: