Ամերիկացի սենատորները պահանջում են Նյու Յորքի նահանգապետի հրաժարականը
ԱՄՆ Կոնգրեսում Նյու Յորքից ընտրված երկու սենատոր Չաք Շումերն ու Քրիստեն Ջիլիբրանդը Կոնգրեսի մի շարք այլ անդամների հետ դիմել են Նյու Յորքի նահանգապաետ Էնդրյու Կուոմոյին` կոչ անելով հրաժարական տալ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, նահանգապետը մեղադրվում է երեք կնոջ նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների իրագործման համար, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները:
Պարբերականը մանրամասնում է, որ հրաժարականի կոչին են միացել ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սակայն Կուոմոյին ուղղված կոչը պայմանավորված է ոչ միայն սեռական բնույթի մեղադրանքերով, այլև նրա վարչակազմի`կորոնավիրուսային համավարակի ընթացքում Նյու Յորքի ծերանոցներում զոհերի իրական թիվը թաքցնելու կասկածներով:
Ինչպես նախօրեին հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Օրենսդիր ժողովի ստորին պալատի պրոֆիլային կոմիտեն հետաքննություն կանցկացնի, որպեսզի գնահատի՝ արդյոք բավարար հիմքեր կան Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին լիազորություններից զրկելու համար, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար, ստորին պալատի խոսնակ Կառլ Խիստիի կայքում հրապարակված հաղորդագրությանը հղումով գրում է Associated Press-ը:
Օրենսդիրը, որը, ինչպես և Կուոմոն, դեմոկրատ է, նշել է, որ պալատի իրավաբանական կոմիտեին հանձնարարվել է «պաշտոնանկության վերաբերյալ հետաքննություն սկսել»: Դրա շրջանակներում կուսումնասիրվեն «Նյու Յորքի նահանգապետի հասցեին հնչող մեղադրանքները»։
Ինչպես հետևում է փաստաթղթից, կոմիտեի անդամները կկարողանան «զրույցել վկաների հետ և գնահատել ապացույցները»:
Խիստին ընդգծել է Կուոմոյի նկատմամբ մեղադրանքների լրջությունը և վստահություն է հայտնել, որ հետաքննությունն իրականացվելու է մանրակրկիտ կերպով և առանց ուշացումների:
Ինչպես նկատում է աղբյուրը, այս ընթացակարգը կարող է դառնալ նահանգապետին իշխանությունից հեռացնելու գործընթացի առաջին քայլը․ դրան կողմ են արտահայտվել նահանգի Օրենսդիր ժողովի շատ անդամներ, այդ թվում՝ դեմոկրատները։
Հիշեցնենք, որ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար:Եվս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել էր անվայել պահվածքի համար։ Վերջինս հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։